Հայաստանի եւ Ռումինիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Լազար Կոմանեսկուն ուղերձներ են փոխանակել երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանի ուղերձում ասվում է.
«Մեծագույն հաճույքով եմ գրում Ձեզ` նշելու համար Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը:
Ռումինիան առաջին երկրներից էր, որ 1991թ. դեկտեմբերի 11-ին, Հայաստանի ինքնիշխան պետականության հռչակումից շատ չանցած, պաշտոնապես ճանաչեց Հայաստանի Հանրապետության անկախությունը: Օրեր անց` դեկտեմբերի 17-ին, Բուխարեստում ստորագրվեց Հայաստանի եւ Ռումինիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին Համաձայնագիրը` խարսխված հայ եւ ռումին ժողովուրդների դարավոր բարեկամական կապերի վրա: 1994թ. Հայաստանն իր դիվանագիտական առաջին ներկայացուցչություններից մեկը բացեց Բուխարեստում:
Արդեն քառորդ դար է, ինչ հայ-ռումինական հարաբերությունները վերընթաց են ապրում` հիմնվելով բարձր մակարդակի փոխայցելությունների եւ ակտիվ քաղաքական երկխոսության, ավելի քան չորս տասնյակ երկկողմ համաձայնագրերի ծանրակշիռ իրավական հենքի, հայ-ռումինական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի գործունեության, ինչպես նաեւ մշակույթի, կրթության եւ գիտության բնագավառներում համագործակցության մասին իրարահաջորդ ծրագրերի շրջանակներում իրականացվող մշակութային փոխանակումների վրա: Երկկողմ ձեւաչափից զատ, մեր երկրները համագործակցություն են ծավալում բազմակողմ հարթակներում, ներառյալ՝ Միավորված ազգերի կազմակերպությունը, Արեւելյան գործընկերությունը, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը եւ այլ կառույցներ:
Հայ-ռումինական հարաբերությունները մեծապես շահել են ռումինահայ կենսունակ համայնքի ներդրումից, որը դարեր շարունակ իր ներկայությունն է ունեցել Ռումինիայի քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում:
Համոզված եղեք, որ Հայաստանը կշարունակի ամենայն ջանք գործադրել` ամրապնդելու եւ զարգացնելու մեր երկրների միջեւ համագործակցությունը` առաջիկա քառորդ դարում եւ այդուհետ:
Կուզենայի նաեւ այս առիթն օգտագործել` Ձեզ եւ Ռումինիայի բարեկամ ժողովրդին մաղթելու բարօրություն եւ առաջընթաց:
Ընդունեք, խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանացս հավաստիքը»:





























