Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն տարբեր հայացքներ ունեն, եւ այս հանդիպումը չի նշանակում, որ իրավիճակը սովորական հուն է վերադարձել: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի արդյունքներով այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:

Նրա խոսքով՝ այդուհանդերձ, առանց երկխոսության անհնար է լուծել տարաձայնությունները եւ փոխըմբռնման հասնել: «ՆԱՏՕ-ն առճակատման չի ձգտում եւ ոչ մի սպառնալիք չի ներկայացնում: Այն ամենն, ինչ մենք անում ենք՝ ներառյալ արեւելքում մեր ներկայության ամրապնդումը, մեր միջազգային պարտավորություններին համապատասխանող պաշտպանական գործողություններ են: ՆԱՏՕ-ի նպատակն է շարունակում մնալ իր դաշնակիցների պաշտպանությունը, հակամարտությունների կանխումը եւ խաղաղության պահպանումը»: