Իսրայելի ավիացիոն իշխանությունները մերժել են «Ethiopian Airlines» ավիաընկերության բեռնատար ինքնաթիռի վայրէջքի թույլտվությունը՝ տեղեկություն ստանալով այն մասին, որ օդաչուներից մեկն Ինդոնեզիայի քաղաքացի է։ Այս մասին հայտնել է իսրայելական «Ynet» պորտալը։
Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի օրը։ Պորտալի տվյալներով՝ «Ethiopian Airlines»-ի բեռնատար օդանավն ուղևորվում էր Ադիս Աբեբայի օդանավակայանից Թել Ավիվ։ Արդեն թռիչքից հետո իսրայելական ծառայություններն ստացել են անձնակազմի անդամների ցուցակն ու պարզել, որ օդաչուներից մեկը ինդոնեզացի է։ Իսրայելի ավիացիոն կանոնների համաձայն՝ դեպի երկրի տարածք թռիչքներ չեն կարող իրականացնել այն պետությունների քաղաքացի հանդիսացող օդաչուները, որոնք Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեն։
Վայրէջքի մերժումից հետո ինքնաթիռը, նախապես վառելիքն արտանետելով, վերադարձել է Եթովպիա։ Օդաչուին փոխարինելուց հետո ինքնաթիռը նորից ուղևորվել է Իսրայել և վայրէջք կատարել Թել Ավիվի օդանավակայանում։
Ինչպես նշում է պորտալը, «Flydubai» ավիաընկերության ինքնաթիռի հետ պատահած միջադեպից հետո իսրայելական իշխանությունները խստացրել են օդային տարածքի վերահսկողությունը և սկսել են ավելի ուշադիր ստուգել դեպի երկիր ուղևորվող ինքնաթիռների անձնակազմի անդամների և ուղևորների ցուցակները։
Սեպտեմբերի 30-ին Դուբայից Թել Ավիվ ուղևորվող «Flydubai» ավիաընկերության չվերթը անվտանգային միջադեպի պատճառով արտակարգ վայրէջք էր կատարել Թաբուքի օդանավակայանում։ Հոկտեմբերի 1-ին Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությունը հաստատել էր, որ արտակարգ վայրէջքի պատճառը երկրորդ օդաչուի հարձակումն էր ինքնաթիռի հրամանատարի վրա, ինչի հետևանքով երկուսն էլ ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ինչպես հստակեցրել էին գերատեսչությունում, առողջական վիճակի բարելավումից հետո օդաչուները ԱՄԷ իրավապահների ուղեկցությամբ մեկնել են Աբու Դաբի, իսկ անձնակազմի մյուս վեց անդամներն անվտանգ վերադարձել են Դուբայ։ ԱՄԷ իշխանությունները շարունակում են դեպքի հանգամանքների ու պատճառների հետաքննությունը՝ ստուգելով նաև շահագործման և անվտանգության ապահովման բոլոր ասպեկտները։





























