Փրկարարները Խարկովի Խոլոդնոգորսկի շրջանում գտնվող բնակելի շենքի փլատակների տակից երեք զոհվածների մարմիններ են դուրս հանել։ Այս մասին հայտնել է Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։ «Բոլոր արտակարգ ծառայություններն աշխատում են տեղում։ Որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է», — նշել է պաշտոնյան։ Նախորդ երեկոյան ռուսական ուժերը 10 «Բանդերոլ» հրթիռներով հարվածել են Խարկովին։ Դրանցից մեկն ընկել է քառահարկ շենքի վրա, ինչի հետևանքով ամբողջությամբ փլուզվել է շքամուտքերից մեկը։ Շևչենկոյի շրջանում ևս հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել բնակելի բազմահարկ շենքի առաջին հարկում գտնվող բանկի մասնաճյուղում։ Բացի այդ, վնասվել է առնվազն 10 առանձնատուն։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ) հստակեցրել է, որ ընդհանուր առմամբ տուժել է 15 մարդ։

Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 12-ի երեկոյան ռուսական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Կիևի վրա։ Շահեդներից մեկն ընկել է Դարնիցկի շրջանի 25-հարկանի բնակելի շենքի վրա, հայտնել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Զոհվել է երկու մարդ, ևս առնվազն 11-ը ստացել են բեկորային վնասվածքներ, սալջարդեր ու կտրած վերքեր։ Ռուսական բանակը գնդակոծել է նաև Դնեպրը, որտեղ, ԱԻՊԾ-ի տվյալներով, զոհվել է մեկ տղամարդ, ևս երեքը վիրավորվել են։ Օրվա ընթացքում քաղաքում վնասվել են մի քանի բնակելի շենքեր, ուսումնական հաստատություն և ենթակառուցվածքային օբյեկտներ։ Հոկտեմբերի 13-ի առավոտյան Դնեպրի վրա հարձակումները շարունակվել են։ Շրջաններից մեկում տեղի ունեցած պայթյունի ալիքից կոտրվել են բազմահարկ շենքերի պատուհանները, տուժել է մեկ մարդ, հայտնել է մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։