Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանը նիստի ընթացքում առաջարկեց աշխատավարձերին վերաբերող 18-րդ հարցը դարձնել զեկուցվող։
Նա, մասնավորապես, իր առաջարկը հիմնավորեց նրանով, որ Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանում են 30%-ով։
«Քաղաքապետի և փոխքաղաքապետի աշխատավարձերը կտրուկ բարձրանում են։ Ինչո՞ւ են բոլորի աշխատավարձերը բարձրացնում նույն համամասնությամբ։ Կարելի էր ավելի շատ բարձրացնել ցածր վարձատրվողների աշխատավարձերը»,— նշեց նա։
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն ի պատասխան պարզաբանեց, որ սահմանվում է աշխատավարձի գործակիցը, որով էլ բյուջեում հաշվարկվելու են աշխատավարձերի չափերը։ «Մենք աշխատավարձ չենք բարձրացնում, այլ ամրագրում ենք գործակիցը, ինչն արվում է պետական կառավարման ողջ համակարգում։ Այս հարցը տեխնիկական բնույթ է կրում և բովանդակային չէ»,— ընդգծեց նա՝ վստահեցնելով, որ որոշման ընդունման արդյունքում աշխատավարձերը չեն բարձրանա, այլ նույնիսկ կնվազեն։
«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն էլ իր հերթին ընդգծեց, որ հունվարից Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանալու են։
Նշենք, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից։




























