Հայաստանը մտադիր չէ համագործակցել մի երկրի հետ ՝ ի վնաս մյուս երկրների։ Այս մասին վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնել է fdiintelligence.com–ին տված հարցազրույցում։
«Մեր երկրի ու հարեւան երկրների չափերը մեզ բերում են այն մտքին, որ մենք իրոք պետք է կենտրոնանանք տարածաշրջանային համագործակցության խթանման վրա։ Այս տեսակետից ես համարում եմ, որ տարածաշրջանային համագործակցությունը նոր հնարավորություններ է բացում մեր բիզնեսի համար»,- հայտնել է վարչապետը։
Կարապետյանի խոսքով հայերը պետք է բոլորին համոզեն, որ մենք շատ հանդուրժող ազգ ենք, «չնայած բոլորը մեզ ճանաչում են որպես հակամարտության կողմ»։
Վարչապետը համարում է, որ հայերի կենսակերպը, այն փաստը, որ արտասահմանում շատ հայեր են ապրում ու այլ երկրների օրինապաշտ քաղաքացիներ են, ասվածի ապացույցն է։ «Մենք բավականաչափ տառապել ենք պատերազմներից , որպեսզի զգայուն լինենք խաղաղության արժեքների նկատմամբ, ու մենք շատ մտահոգված ենք մեր անվտանգությամբ»,- նշել է վարչապետը։



























