Բիզնեսի համար պետք է ազատ, մրցունակ ու արդար մթնոլորտ ստեղծել ։ Այս մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը FDI Intelligence պարբերականին տված հարցազրույցում։

«Մենք վստահ ենք, որ մեր ժողովրդի ներուժը, նրա գործնական ջիղը կօգնի մեր ձեռնարկություններին արագ աճել նման մթնոլորտում։ Եթե մենք հստակ ազդանշաններ հաղորդենք՝ օտարերկրյա ներդրողները կպատասխանեն դրանց ու կմտնեն մեր շուկա, եթե խաղի կանոնները նրանց բավարարեն»,- հայտնել է վարչապետը։

Հաշվի առնելով Հայաստանի ներկա տնտեսական դրությունը, իշխանությունները կխթանեն բիզնեսը, հնարավոր է, կառավարության համար ոչ այնքան ավանդական ճանապարհներով։ Կստեղծվեն հիմնադրամներ տարբեր ոլորտների՝ գյուղատնտեսության, ՏՏ ոլորտի, փոքր ու միջին բիզնեսի ֆինանսավորման համար։

Ուղիղ օտարեկրյա ներդրումները ոչ միայն կօգնեն տնտեսական աճին, այլեւ կբերեն մենեջմենթիա նոր մշակույթ, ցույց կտան Հայաստանի բաց լինելը։ Դա մուլտիպլիկատիվ ներգործություն կունենա մյուս ոլորտների՝ օրինակ զբոսաշրջության վրա։

«Ինչ վերաբերում է սեփականաշնորհմանը՝ ապա Հայաստանը, իմ կարծիքով, հետխորհրդային տարածքում ամենաազատական երկրներից է։ Պետական սեփականությունը շատ քիչ է։ Բայց ես վստահ եմ, որ մասնավոր կառավարումը միշտ պետականից լավն է։ Այն կրճատում է կոռուպցիոն ռիսկերը, բարձրացնում արդյունավետությունը եւ այլն։ Դրա համար էլ մենք ուզում ենք ամեն ինչ՝ բացառությամբ պաշտպանության ու անվտանգության համար պատասխանատու սպեցիֆիկ ոլորտների, կամ սեփականաշնորհել, կամ հավատարմագրային կառավարման անցկացնել»,- հայտնել է Կարապետյանը։

Օտարերկրյա ներդրողներին կարող է գրավել ՏՏ ու բարձր տեխնոլոգիաների ինդուստրիան՝ այն աներեւակայելի ներուժ ու հնարավորություններ ունի։ Գյուղատնտեսությունը, ոսկերչությունը, հանքարդյունաբերությունն ու թեթեւ արդյունաբերությունը, էներգետիկան ու զբոսաշրջությունը մեծ ներուժ ունեն օտարերկրյա ներդրումներ գրավելու տեսակետից»,- նկատել է նա։