Բեռլինում մարդկանց բազմության մեջ մխրճված բեռնատարի տերը ոստիկանության լուսանկարներից մեկում ճանաչել է վարորդին, որը, պարզվում է, իր եղբայրն է, հայտնում է PAP գործակալությունը։
Բեռնատարը պատկանում է լեհական մի ընկերության, որի սեփականատերը՝ Արիել Ժուրավսկին, ավելի վաղ հայտնել էր, որ բեռնատարը ժամանել էր Իտալիայից, իսկ նրա վարորդը՝ իր զարմիկը, սպասում էր մինչեւ այն բեռնաթափեն, սակայն երկուշաբթի ցերեկը կապի դուրս չէր եկել։ Վերջին խոսակցության ժամանակ նա ասել էր, որ Բեռլինի գերազանցապես մուսուլմանաբնակ թաղամասերից մեկում է։
«Տրանսպորտային ընկերության տերը լուսանկարներում ճանաչել է իր աշխատակցին»,– հայտնում է PAP–ը։
Նշենք, որ երկուշաբթի երեկոյան բեռնատարը մխրճվել էր Սուրբ ծննդյան տոնավաճառում հավաքված բազմության մեջ, որի հետեւանքով զոհվել է 12 եւ վիրավորվել 48 մարդ։ Գերմանիայի իշխանությունները հայտարարել են, որ կատարվածն ահաբեկչություն է։ Բեռնատարի խցիկում հայտնաբերվել է տղամարդու դի, որը պաշտոնական տվյալներով՝ Լեհաստանի քաղաքացի է։




























