ԱՄՆ-ն և եվրոպական երկրները մշակում են խաղաղության համատեղ առաջարկ, որը Ուկրաինային և Ռուսաստանին կապահովի տնտեսական օգուտներով ու անվտանգության երաշխիքներով և հիմք կծառայի տարածքային կարգավորման համար, ընդ որում՝ երկու կողմերի ռազմական նպատակներն էլ լիովին չեն բավարարվի։ Այս ծրագիրը քննարկվել է ուրբաթ օրը Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի առանձնատանը, որտեղ ներկա են եղել Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի ներկայացուցիչները, գրում է The Washington Post-ը։

Թեև այս վեցժամյա հանդիպման ընթացքում Թրամփի և Վլադիմիր Պուտինի միջև դիզելային վառելիքի գործարքի մասին տեղեկությունը ստվերեց մնացած բոլոր լուրերը, ԱՄՆ-ն փորձում է օգնել Ուկրաինային և Ռուսաստանին պատկերացնել, թե ինչպիսին է լինելու հետպատերազմյան իրավիճակը։ Նրանք առայժմ պատրաստ չեն դրան, բայց սա պետք է օգնի նրանց՝ տարածքային զիջումների գնալու հարցում, պարզաբանել է բանակցությունների ընթացքին ծանոթ ամերիկացի պաշտոնյան։

Ծրագիրը ներառում է չորս բաղադրիչ։ WaPo-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Պուտինին ուղղված ուղերձը հետևյալն է․ ոչ միայն ավարտել պատերազմը Ուկրաինայի հետ, այլև Եվրոպայի հետ կնքել տնտեսության և անվտանգության ոլորտի համաձայնագիր, որը թույլ կտա վերականգնել տարածաշրջանում տիրող կայունությունը։ Այս նպատակը, մասնավորապես, նախատեսում է Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրոպայի տնտեսական ինտեգրում էներգետիկ ոլորտի համաձայնագրի հիման վրա։ Դրա մաս կարող է դառնալ խողովակաշարը, որով ռուսական նավթն ու գազը կտեղափոխվեն Եվրոպա, ընդ որում՝ Ուկրաինան և Ռուսաստանը կկիսեն այդ մատակարարումներից ստացված շահույթը։

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ նման խողովակաշարը կարող է կտրուկ նվազեցնել Եվրոպայի էներգետիկ ծախսերը։ Թե կոնկրետ որ խողովակաշարի մասին է խոսքը, չի հաղորդվում։ Մինչ Պուտինի պատերազմ սանձազերծելը, Ռուսաստանը նավթն ու գազը մատակարարում էր մի քանի երթուղիներով, այդ թվում՝ Ուկրաինայի տարածքով։ Պատերազմից առաջ կառուցված «Հյուսիսային հոսք – 2» գազատարը Գերմանիայի կողմից այդպես էլ չէր սերտիֆիկացվել։ Վերջին շրջանում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները քննարկում էին «Հյուսիսային հոսքի» հնարավոր վերագործարկման մեջ ամերիկյան ներդրողի ներգրավման հարցը, հայտնել էր Reuters-ը՝ հղում անելով իրազեկ հինգ աղբյուրների։

Ռուսաստանին «եվրոպական էներգետիկ շուկային երկարաժամկետ հասանելիությամբ» ապահովելուց զատ, խաղաղության համաձայնագիրը պետք է սահմանի, թե ինչպես և երբ են հանվելու տնտեսական պատժամիջոցները։

Ծրագրի մյուս բաղադրիչները ներառում են․

օգնություն Ուկրաինայի վերականգնմանը․ Համաշխարհային բանկը և ամերիկյան BlackRock կառավարող ընկերությունը մտադիր են մեխանիզմ ստեղծել երկրի բազմաթիվ ֆինանսական կարիքները հոգալու համար՝ նպատակ ունենալով վերականգնել ավերված շրջանները, նպաստներ վճարել զոհված ու վիրավոր զինծառայողների ընտանիքներին և վերակառուցել քանդված տնտեսությունը․

անվտանգության երաշխիքների սահմանում․ Ուկրաինան ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից կստանա հավաստիացում առ այն, որ Ռուսաստանի նոր հարձակման դեպքում նրանք կապահովեն իր զինված պաշտպանությունը։ Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ այս օգնությունը հավասարազոր կլինի ՆԱՏՕ-ի կանոնադրության հավաքական պաշտպանության մասին 5-րդ հոդվածին։ Ռուսաստանն իր հերթին նույնպես համաձայնագրեր կկնքի եվրոպական երկրների հետ, որոնք ուղղված կլինեն անվտանգության ոլորտում նրա մտահոգությունների փարատմանը, թեև առայժմ պարզ չէ, թե կոնկրետ ինչից են դրանք բաղկացած լինելու․

իրականացման տեսանկյունից ամենաբարդ բաղադրիչը տարածքային զիջումներն են․ Ռուսաստանը համաձայնելու է կրակի դադարեցմանը ռազմաճակատի ներկայիս գծով։ Ուկրաինայի համար սա նշանակելու է, որ օկուպացված տարածքները կմնան ռուսական վերահսկողության տակ։ Ռուսաստանի համար սա նշանակելու է, որ նա չի ստանա ոչ միայն ողջ Ուկրաինան, որը մտադիր էր գրավել երեք օրում, այլև Դոնբասի մնացած հատվածը։