Վրաստանի համար կարեւոր նշանակություն ունի Թուրքիայի հետ փոխհարաբերությունների զարգացումը, որոնք ռազմավարական բնույթ ունեն։ Այս մասին, «Վրաստան օնլայնի» փոխանցմամբ հայտնել է Վրաստանի վարչապետը թուրք գործընկեր Բինալի Յըլդըրըմի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։

Կվիրիկաշվիլու խոսքով Վրաստանը գնահատում է Թուրքիայի կառավարության աջակցությունը երկրի տարածքային ամբողջականությանը ու ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտմանը։ Վրացական կողմը շահագրգռված է խորացնել հարաբերությունները քաղաքականության, առեւտրի, տրանսպորտի, էներգետիկայի ու մշակույթի ոլորտներում, բայց Կվիրիկաշվիլու խոսքով դրա համար անհրաժեշտ է ամրապնդել տարածաշրջանային խաղաղությունը։ «Մենք կարծում ենք, որ մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդման համար անհրաժեշտ է առկա հակամարտությունների խաղաղ կարգավորումը՝ միջազգային իրավունքի սկզբունքների համապատասխան, պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու միջազգայնորեն ճանաչված սահմանները հարգելու հիման վրա»,- ասել է նա ։

Կվիրիկաշվիլին նաեւ նշել է Եվրասիական թունելի կարեւորությունը, որի բացման արարողությունը կայանալու է դեկտեմբերի 21-ին։ Վարչապետի գնահատականով, թունելը, որ միացնելու է Եվրոպա ու Ասիա մայրցամաքները, կստեղծի նոր տրանսպորտային հնարավորություններ։

Վրաստանի վարչապետ Գերոգի Կվիրկաշվիլին մեկօրյա այցով Թուրքիայում է գտնվում ու մասնակցելու է Ստամբուլում Եվրասիական թունելի բացման արարողությանը։