Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունը որեւէ հետեւանք չի ունենա ռուս- թուրքական հարաբերությունների համար։ Այս մասին NEWS.am–ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը։
Նրա խոսքով, թե Մոսկվայում, թե ԱՆկարայում հոյակապ հասկանում են, որ դա կազմակերպել էին նրանք, ովքեր ուզում են, որ երկկողմանի հարաբերությունները վատանան։ «Նախեւառաջ մարդիկ, որոնք կապեր ունեն Արեւմուտքի հետ՝ նրանք չեն ուզում, որ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունները լավանան։ Նրանք են կազմակերպել այս ահաբեկչությունը։ Քանի որ Անկարայում դա հասկանում են, ես կարծում եմ՝ որեւէ հետեւանք չի լինի»,- նշել է Միխայիլ Ալեքսանդրովը։
Անդրադառնալով այն հարցին, արդյոք ռուս- թուրքական հարաբերությունները սիրիական հարցում կլավանան, քաղաքագետը նշել է «Ես տեսնում եմ, որ Ռուաստանն ու Թուրքիան կարողացել են պայմանավորվել սիրիական կարգավորման ու Սիրիայում պատասխանատվության ոլորտների բաշխման հարցում։ Ինչպես հասկանում եմ՝ ՀԱլեպ- Լաթաքիա- Հոմս- Դամասկոս գիծը գտնվելու է Բաշար Ասադի կառավարության հսկողության տակ, իսկ Թուրքիան կստանա սահմանամերձ տարածքների հսկողությունը։ Քրդերը կվերահսկեն Ռաքայից հյուսիս- արեւելք գտնվող տարածքը»։
Այն դիտարկմանը, որ Սիրիայի հարցում Թուրքիայի դիրքորոշումը փոփոխվել է, քաղաքագետը շեշտեց․ «Այո, Թուրքիայի դիրքորոշումը փոխվել է այն բանից հետո, երբ Էրդողանը ներողություն է խնդրել Մոսկվայից ու հանդիպել Պուտինի հ ետ։ Լարված աշխատանքներ են իրականացվել՝ Սիրիայում Թուրքիայի ու Ռուսաստանի շահերի կարգավորման նպատակով։ Ըստ երեւույթին այս հարցում փոխըմռնում ապահովվել է։ Մենք չգիտենք, թե որն է այդ պայմանավորվածոթյունների էությունը, բայց եթե դատենք գործնական գործողություններով, ապա երեւում է, որ կողմերը խուսափում են կոնֆլիկտային իրավիճակներից, ու յուրաքանչյուրը գործում է պատասխանատվության իր ոլորտում»։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան համաձայնեցրել են հայտարարություն, որում ըստ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, երեք երկրների ԱԳ նախարարները հաստատել են Սիրիայի՝որպես ժողովրդավարական ու աշխարհիկ պետության, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։





























