Օրերս Աշտարակի Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցի «Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիայի սաները հյուրընկալել էին նախագծի պատասխանատուներին Ucom ընկերությունից եւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից (ԻՏՁՄ):
Շրջայցի ժամանակ «Արմաթի» սաները ցուցադրել են այն ամենն, ինչ սովորել են ընթացիկ տարում: Երեխաները հմտացել են «Աղվես» եւ «Կրիա» ծրագրերի օգնությամբ խաղեր ստեղծելու, մուլտֆիլմեր պատրաստելու, մաթեմատիկական հաշվարկներ իրականացնելու մեջ: Նրանցից ոմանք մասնակցել են, իսկ շատերը դեռ պատրաստվում են մասնակցություն ունենալ Դիջիկոդ եւ «Բաց խաղ» առաջնություններին:
«Վերջերս հմտացել ենք եռաչափ տպիչի օգտագործման մեջ ու ծրագրային մոդելներից զատ նախապատրաստվում ենք ամանորին, տպում ենք խաղալիքներ, որոնցով եւ կզարդարենք մեր լաբորատորիան», - նշում է թիվ 5 ավագ դպրոցի «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի սան Աննա Գրիգորյանը:
«Այս շրջայցները մեզ հնարավորություն են ընձեռում հասկանալ, թե ինչ հմտություններ են ձեռք բերել “Արմաթ” լաբորատորիաների սաները եւ ինչպես են գործնականում կարողանում կիրառել այստեղ սերտած գիտելիքները: Տեսնելով ընդամենը մի քանի ամսվա աշխատանքի արդյունքը՝ մենք միայն հպարտանում ենք այս լաբորատորիաների սաներով», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը:
«Լաբորատորիայում անվճար հիմունքներով ծրագրավորում սովորելուց ու ինժեներական հմտություններ ձեռք բերելուց բացի շատերս կողմնորոշվում ենք մեր ապագա մասնագիտության ընտրության հարցում: Եթե մինչ խմբակ հաճախելը պատկերացում չունեինք ՏՏ ոլորտի բազմաթիվ հնարավորությունների վերաբերյալ, ապա հիմա շատ բան հստակ ուրվագծվել է», - պատմում է նույն լաբորատորիայի սան Թառումյան Լիլիթը:
Հիշեցնենք, որ ԻՏՁՄ-ի եւ Ucom ընկերության միջեւ ստորագրված համագործակցության հուշագրի համաձայն՝ Ucom ընկերությունը ներդրումներ է կատարում, որպեսզի Հայաստանի 9 մարզերում բացվեն «Արմաթ» անվանումը կրող շուրջ 70 ինժեներական խմբակ-լաբորատորիաներ։ Նախագիծը նպատակ ունի խթանելու տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի համայնքների բոլոր դպրոցներում, նպաստելու աշակերտների մոտ ժամանակակից բարձր տեխնոլոգիաների նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, վաղ տարիքից ճարտարագիտական մտածելակերպի զարգացմանը եւ բանիմաց ուսանողների նախապատրաստմանը։
«Արմաթ» ինժեներական խմբակ-լաբորատորիաներում մշակված ծրագրային փաթեթները, ինչպես նաեւ սարքավորումների գծագրերը բաց են հանրության համար։ Խմբակ-լաբորատորիաների համար ծրագրային միջոցներ ձեռք բերելիս նախապատվություն է տրվում տեղական արտադրողին, ինչի վառ օրինակ են հանդիսանում Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ (3D) տպիչները, մինի համակարգիչները, ռոբոտաշինության հավաքածուները եւ այլ սարքերը։
(18).jpg)




























