Թուրք ոստիկան Մեւլյութ Ալթինթաշը, որը սպանել էր Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովին, ամենայն հավանականությամբ գործել է ոչ մենակ, հայտնում է «Ասոշիեյթիդ փրես» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի կառավարությունում իր աղբյուրը։ Գործակալության զրուցակիցը նկարագրել է սպանությունը, որպես «շատ պրոֆեսիոնալ, ոչ մեկ մարդու կազմակերպած»։ Նրա խոսքով, հարձակումը լավ ծրագրված է եղել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի վրա հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին Անկարայում ֆոտոցուցահանդեսի բացման ժամանակ։ Հանցագործը մի քանի անգամ կրակել է դեսպանի մեջքին, վիրավորումը մահացու է եղել։ Ականատեսների վկայությամբ մարդասպանը մտել է շենք, որտեղ անցնում էր ցուցահանդեսը, գործնական կոստյումով ու փողկապով, դիվանագետի թիկնապահների նման։ Ոստիկանական գործողության արդյունքում հարձակվողը ոչնչացվել է։ Ռուսաստանի ԱԳՆ-ն տեղի ունեցածը ահաբեկչություն է անվանել։




























