Շիրակի մարզի նախկին դատախազ Կարեն Շահբազյանը շուրջ 3 տարի է` իրավական քաշքշուկների մեջ է: Ժամանակին Կարեն Շահբազյանին մեղադրում էին, որ նա, 2013 թվականի մարտից մինչեւ հոկտեմբեր ամիսները աշխատելով Շիրակի մարզի դատախազ, ինքնությունները բացահայտել չցանկացող քաղաքացիների կողմից կատարված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մասին հայտնած բանավոր տեղեկությունները, դրանց իսկությունը օպերատիվ ստուգելու հանձնարարականով ուղարկել է հետաքննական մարմնին: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը՝ հանցակազմի բացակայության հիմքով երկու անգամ կարճել է գործով վարույթը, սակայն դատախազությունը սկզբում վերացրել է հիշյալ որոշումները, ապա ինքն է կարճել գործով վարույթը, սակայն ոչ թե հանցակազմի բացակայության, այլ Կարեն Շահբազյանի գործողությունները իրավաչափ համարվելու հիմքով: Այս որոշումը Կարեն Շահբազյանն ու իր փաստաբանները բողոքարկել են դատարան:
Հիշյալ բողոքի կապակցությամբ դատաքննությունից հետո NEWS.am-ը զրուցել է նախկին դատախազի հետ:
Պարոն Շահբազյան, մանրամասնեք, թե ինչ քրեական գործ է Ձեր դեմ հարուցվել:
Ես հերթական անգամ եմ հայտարարում, որ իմ նկատմամբ, իմ կողմից որեւէ հանրօրեն վտանգավոր արարք կատարելու փաստի առթիվ երբեւիցե որեւէ քրեական գործ հարուցված չի եղել:
Այդ դեպքում ինչ առընչություն է ունեցել Ձեր հետ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում անանուն հաղորդումներին ընթացք տալու կապակցությամբ քննված քրեական գործը:
Ես չեմ ուզում թատերականացնել կատարվածը, չեմ ցանկանում ինձ ճնշվածի տեղ դնել եւ իմ անձին ուշադրություն հրավիրելու որեւէ գործողություն կատարել, չեմ ցանկանում որեւէ ավելորդ խոսք ասել ինձ հարազատ մնացած դատախազության համակարգի մասին, սակայն տարածվող ասեկոսեները փարատելու եւ Ձեր հարցին հակիրճ պարզաբանում տալու համար, ասեմ, որ քննարկվող եւ բաձարձակապես անհիմն հարուցված այդ քրեական գործը ճիշտ է` հարուցվել է Անիի ՃՇՇ ՍՊ ընկերության կողմից ընդերքի ապօրինի շահագործման վերաբերյալ անանուն, սակայն հաստատված հաղորդմաեւ կապակցությամբ նախապատրաստված նյութերով հետաքննական մարմնի կողմից համապատասխան որոշում չկայացնելու եւ նյութերը ոստիկանության քարտուղարության գործին կցելու փաստի առթիվ, սակայն հենց նույն այդ քրեական գործում եղած բոլոր փաստաթղթերը անհերքելի վկայում են, որ իրականում, դեռեւս ինձ անհայտ դրդապատճառներով հիշյալ քրեական գործը հարուցվել է դատախազության նորանշանակ (արդեն իսկ նախկին) ղեկավարության նախաձեռնությամբ բացառապես իմ նկատմամբ անձնական հետապնդումներ իրականացնելու համար:
Ոչ մեծ կազմակերպության կողմից ընդերքի փոքրածավալ շահագործման դեպքի կապակցությամբ, սակայն ինձ հետապնդելու նկատառումներով հարուցված այդ քրեական գործի նախաքննության իրականացման համար, անգամ զինվորական մարմնի քննիչների ներգրավմամբ կազմված մեծաքանակ քննչական խմբի կողմից շուրջ երկու տարի իրականացված նախաքննությամբ այնուամենայնիվ հիմնավորվեց, որ իմ աշխատած ժամանակահատվածում Շիրակի մարզի դատախազություն ստացված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ բոլոր գրավոր եւ բանավոր անանուն հաղորդումները, առանց որեւէ քննարկման, ՀՀ քրեադատավարական օրենքի եւ դատախազության կանոնակարգի համաձայն, օպերատիվ ստուգման համար ուղարկվել են ոստիկանություն, որտեղ կազմվել են համապատասխան օպերատիվ գործեր: Հաստատված հաղորդումներով, հետաքննական մարմնի կողմից պաշտոնեական լիազորություններն իրականացնելիս հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու առիթով հարուցվել եւ մարզի դատախազության պատշաճ հսկողության ներքո քննվել են կոռուպցիոն բնույթի թվով 6 քրեական գործեր, կայացվել եւ ուժի մեջ են մտել մեղադրող բազմաթիվ դատավճիռներ, վերականգնվել է պետությանը պատճառված միլիոնների հասնող վնասներ եւ այդ ընթացքում ոչ իմ, ոչ դատախազության դատախազների, ոչ քննիչների եւ ոչ էլ հետաքննական մարմնի աշխատակիցների կողմից հակաիրավական որեւէ արարք թույլ չի տրվել: Սակայն դատախազության նորանշանակ ղեկավարությունը, ՀՀ դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության շրջանակներում մարզի դատախազության այդ մեծածավալ աշխատանքները ինչ-որ շահագրգռվածությամբ իրականացնելու իր անհիմն ենթադրություններով իմ նկատմամբ սկսած ապօրինի հետապնդումները իրենց ցանկալի ավարտին հասցնելու ու ինձ որեւէ կերպ մեղադրելու համար, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հանցակազմի բացակայության հիմքով գործով վարույթը կարճելու երկու որոշումները վերացնելուց հետո փորձեր արեց որեւէ արարք հաստատել ու ինձ անհիմն մեղադրեց, որ ես որպես մարզի դատախազ իրավասու չեմ եղել հանցագործությունների մասին անանուն բանավոր հաղորդումները օպերատիվ ստուգման համար ուղարկել ոստիկանություն: ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն անգամ մտածված մոռացության տվեց այն փաստը, որ հեռախոսազանգերով ենթադրաբար կատարված հանցագործությունների մասին իր իսկ ընդունարան ստացված անանուն բանավոր տեղեկությունները ստուգման համար նույնպես իրավացիորեն ուղարկել է ոստիկանություն, որի մասին նա հայտարարել է իր ասուլիսներից մեկում: Հետագայում, շուրջ երկու տարի իմ նկատմամբ իրականացված հետապնդումները ինչ-որ կերպ արդարացնելու համար դատախազությունը այնուամենայնիվ կարճեց քրեական գործով վարույթը, սակայն գիտակցաբար ոչ թե հանցակազմի բացակայության, այլ իմ գործողությունները իրավաչափ համարվելու հիմքով:
Ձեր դեմ որեւէ հաղորդում եղե՞լ է, թե՞ ոչ: Կամ նախաքննության ընթացքում որեւէ մեկը Ձեր դեմ ցուցմունք տվե՞լ է, թե՞ ոչ:
Ոչ իմ դեմ եւ ոչ էլ այդ աշխատանքների հետ կապված որեւէ հաղորդում չի եղել: Ինչպես նշեցի իմ` որպես Շիրակի մարզի դատախազի, գործունեության ստուգումը նախաձեռնվել եւ հետապնդումները սկսվել են 2013 թվականի կադրային մեծածավալ փոփոխություններից հետո: Ինչ վերաբերում է իմ դեմ ցուցմունքներ տալուն, ապա այս ամբողջն ուղղված է եղել հենց դրան, սակայն իմ կամ այդ աշխատանքների ընթացքում մարզային իրավապահ մարմնի որեւէ աշխատակցի կողմից հակաօրինական արարք կատարված լինելու վերաբերյալ շուրջ երկու տարի իրականացված քննության ընթացքում ցուցմունք կամ այլ ապացույց ձեռք չի բերվել:
Դատարանում դատախազը որպես ապացույց ներկայացրեց ՀՀ գլխավոր դատախազի եւ ՆԳ նախարարի համատեղ հրամանով հաստատված հրահանգը, թե Դուք իրավունք չունեիք անանուն բանավոր հաղորդումները ոստիկանություն ուղարկելու: Դուք առարկեցիք: Ինչի՞ մասին է խոսքը:
Քանի, որ բողոքի դատաքննությունը դեռեւս ընթացքում է, ես կփորձեմ զերծ մնալ դատարանում քննարկվող հարցերի մեկնաբանություններից: Միայն նշեմ, որ խոսքը գնում է անգամ իրավական ակտ չհանդիսացող ՀՀ գլխավոր դատախազի եւ ՆԳ նախարարի 1999 թվականի սեպտեմբերի 1-ի համատեղ հրամանով հաստատված ՀՀ ներքին գործերի ստորաբաժանումներում հանցագործությունների, պատահարների մասին հաղորդումներ եւ այլ տեղեկություններ ընդունելու, գրանցելու, հաշվառելու, քննարկելու, ընթացք տալու կարգի վերաբերյալ ներգերատեսչական հրահանգի մասին, որը որեւէ կերպ դատախազի համար լիազորություն կամ պարտականություն չի կարող սահմանել: Դատախազը այդ հրամանում հայտնաբերել է ընդամենը անանուն նամակ բառակապակցությունը եւ իրենց գործողությունները դրանով փորձում է արդարացնել: Մինչ այդ էլ, դեռեւս այս գործի քննության ընթացքում մի քանի ամիս պահանջվեց դատախազության նախկին ղեկավարությանը հիմնավորելու, որ այդ նույն հրահանգում նշված անանուն հաղորդումը եւ անստորագիր հաղորդումը նույն նշանակությունն ունեն:
Վերջին հաշվով Դուք մնո՞ւմ եք արդյոք Ձեր կարծիքին, որ դատախազը չպետք է անտեսի եւ ընթացք չտա կատարված հանցագործությունների մասին ստացված թեկուզեւ անանուն բանավոր եւ գրավոր հաղորդումներին կամ տեղեկություններին:
Հայտնում եմ, որ դա կարծիք չէ: Դա ՀՀ դատախազության մասին օրենքով, ՀՀ քրեադատավարական օրենքով, ՀՀ դատախազության կանոնակարգով նախատեսված դատախազի, որպես քրեական հետապնդման եւ քրեական գործ հարուցելու լիազորությամբ օժտված մարմնի ոչ թե լիազորություն է այլ պարտականություն: Դատախազը ցանկացած եղանակով տեղեկանալով կատարված հանցագործության մասին պետք է դրան ընթացք տա: Ստուգման կարիք ունեցող հանցագործությունների մասին անանուն թե բանավոր, թե գրավոր տեղեկություններն պետք ուղարկվեն օպերատիվ ստուգման: Այդ մասին մանրամասն եւ շատ հասկանալի նշված է հայ եւ ռուս դատավարագետ գիտնականների բոլոր աշխատություններում, անգամ ուսանողների համար հրատարակված քրեական դատավարության դասագրքերում: Դատախազը իրավունք չունի թաքցնել, ընթացք չտալ հանցագործության մասին ցանկացած եղանակով ու ձեւով ստացված տեղեկություններն ու հաղորդումները: Դա առաջ է բերում անգործություն:
Ինչ եք կարծում, ինչու հենց Ձեր նկատմամբ իրականացվեց հետապնդում:
Ես չեմ կարող հասկանալ դրա շարժառիթը: Այն, որ անձնական դրդապատճառներով իրականացվեց այդ ամենը, դա փաստ է: Սակայն, թե ինչ շարժառիթով դեռեւս չգիտեմ, իսկ ենթադրություններով խոսելու սովորություն չունեմ:
Աղվան Հովսեփյանի կադրն եք համարվում, իսկ հանրությանը հայտնի է Կոստանյան-Հովսեփյան լարված հարաբերությունների մասին, միգուցե դրա հե՞տ է պայմանավորված Ձեր նկատմամբ այս հետապնդումները:
Աղվան Հովսեփյանը մեկ տասնամյակից ավելի ղեկավարել է ՀՀ դատախազությունը եւ այդ տրամաբանությունից ելնելով` այդ սերնդի դատախազներին կարելի է համարել Աղվան Հովսեփյանի կադրեր: Նրա աշխատանքից ազատվելուց հետո շատ փորձառու, բանիմաց, համակարգին նվիրված դատախազներ, այդ թվում նաեւ ես պարտադրաբար ազատվեցինք աշխատանքից: Քանի դեռ ես հստակ չգիտեմ այդ հետապնդումների շարժառիթը, ուստի չեմ կարող ենթադրություններ անել:




























