Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովային:

Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում եւ հույս հայտնել, որ տիկին Մոսկալկովայի այցը Հայաստան կնպաստի երկու երկրների մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների միջեւ փոխգործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը, որին է միտված նաեւ ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի եւ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի միջեւ այսօր ստորագրված հուշագիրը:

Ընդգծելով, որ ռազմավարական գործընկեր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունները զարգանում են՝ ընդգրկելով փոխշահավետ համագործակցության տարբեր ոլորտներ, Նախագահ Սարգսյանը նշել է, որ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ակտիվ փոխգործակցությունը, ինչպես նաեւ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդումը հայ-ռուսական օրակարգի կարեւոր բաղադրիչն են: