Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղում դեկտեմբերի 22-ին տարեց ամուսիների մահվան  դեպքի վերաբերյալ NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել:   Ըստ դդմաշենցիների` կինը` 81-ամյա Շուշանիկ Խաչատրյանը, արդեն մեկ շաբաթ անկողնային վիճակում պառկած է եղել: Ըստ խոսակցությունների` նրա մոտ կաթվածի նախնական նշաններ են հայտնաբերվել, սակայն դեռեւս հստակ չեն կարող ասել, թե կոնկրետ ինչի պատճառով է ամուսինների մահը վրա հասել:

Տեղեկացանք, որ տարեց թոշակառուները ունեն չորս զավակ, բոլորն ամուսնացած են, ծնողները տանը մենակ են եղել:  Ունեն մեկ որդի, որը ընտանիքի հետ ապրում է Ռուսաստանում: Դդմաշենի  գյուղապետը նշեց, որ մահվան որեւէ վարկած չի քննարկվում այս պահին, սպասում են դատաբժշկական փորձաքննության պատասխանին:

Ավելի վաղ NEWS.am_ը հայտնել էր, որ Դդմաշեն գյուղի 9-րդ փողոցի տներից մեկում հայտնաբերվել են տարեց ամուսների` 79-ամյա Երվանդ Խաչատրյանի եւ 81-ամյա Շուշանիկ Խաչատրյանի դիերը։ Կինը եղել է բազմոցին պառկած, իսկ ամուսինը՝ գետնին բերանքսիվայր ընկած։

Ըստ Shamshyan.com-ի` տան զննությամբ պարզվել է, որ նույն սենյակում գազատար խողովակից ռետինե խողովակներով միացված է ինքնաշեն գազի սարքավորում, վրան՝ ալյումինե կաթսա, իսկ մեջը կան այրված սննդի մնացորդներ եւ չի բացառվում, որ ամուսինները ծխախեղդ են եղել։