Փոփոխություններ են կատարվել հանրակրթական հիմնական ընդհանուր պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 2016-2017թթ. ուսումնական տարվա օրինակելի ուսումնական պլաններում` բեռնաթափելով 12-րդ դասարանը: Այս մասին այսօր` դեկտեմբերի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը:

«Մեր ծանրության հիմնական ծավալը հանրակրթության ոլորտում է: Երկու կարեւոր քաղաքականություն է իրականացվել այս ոլորտում` ավագ դպրոցի հիմնախնդիրները մոտեցրել ենք լուծման` բեռնաթափելով 12-րդ դասարանը: Բացի այդ արարատյան բակալավրիատը փորձեցինք դիտել մեր կրթության մեջ որպես բարձրագույն որակ, կրթակարգը մեկ ամբողջական միավոր է, որտեղ ցանկացած դպրոց կարող է հավակնել ամենաբարձր աստիճանին»,-ասաց նա:

Նախարարի խոսքով, Հայաստանի դպրոցներում երեխաները ծանրաբեռնված են:

«Երեխաները դպրոցում շատ ծանրաբեռնված են, եթե եվրոպական կրթական դպրոցներում 14 առարկայի չափով են անցնում, մեզ մոտ 20-ից անցնում է առարկաների թիվը, այդ առարկաները պետք է համախմբվեն եւ աշխատենք նոր համակարգով»:

Լեւոն Մկրտչյանը նշեց, որ հանրակրթության ոլորտում կա նաեւ դասագրքերի, ուսուցիչների որակի խնդիր. «Դպրոցների կառավարումը, դպրոցների ուսուցիչների որակի խնդիր եւս կա: Պետք է զարգացման ծրագրերով զբաղվենք: Դասագրքերի հիմնախնդիր եւս կա, դասագիրք գրելու մշակույթ չունենք, նաեւ հանրակրթության մեջ վերապատրաստման խնդիր կա»,-ասաց նա: