Երեւանցիների 14 տոկոսը կցանկանար Նոր տարուն սմարթֆոն նվեր ստանալ, բայց միայն 7 տոկոսն է մտադիր նվիրել այն։ Մարդկանց 21 տոկոսը մտադիր է իր ընկերներին ու ազգականներին զանազան աքսեսուարներ նվիրել, բայց միայն 9 տոկոսն է ուզում նման նվեր ստանալ։ Այս մասին են վկայում GALLUP International association ընկերության հայաստանյան գրասենյակի Երեւանում իրականացրած հարցման արդյունքները։ Դեկտեմբերի 24-ին այդ հարցման արդյունքների մասին լրագրողներին պատմել է GALLUP International association ընկերության հայաստանյան գրասենյակի տնօրեն Արամ Նավասարդյանը։

Ըստ հետազոտության, հարցման մասնակիցների 15 տոկոսը կցանկանար կոշիկ կամ հագուստ նվեր ստանալ, իսկ նման նվեր պատրաստողները 36 տոկոսից շատ են։ 6 տոկոսը կցանկանար գիրք նվեր ստանալ, իսկ 9 տոկոսը մտադիր է գիրք նվիրել, 41 տոկոսը նշել է , որ պատրաստվում է նաեւ խաղալիքներ նվիրել, բայց միայն 1 տոկոսն է ուզում խաղալիք նվեր ստանալ։ Բացի դրանից մարդկանց 28 տոկոսը մտադիր է իր ծանոթներին նվիրել հուշանվերներ, սակայն նման նվեր ակնկալողների քանակը եռակի քիչ է ՝ 9 տոկոս։

Որոշ դեպքերում մարդկանց ակնկալիքներն ու իրականությունը հատկապես ուժեղ են տարբերվում՝ երեւանցիների 5 տոկոսը ուզում է նվեր ստանալ ավտոմեքենա, նույնքան մարդ էլ կենցաղային տեխնիկա կամ փող։ Իսկ 1 տոկոսը խոստովանել է, որ կուզեր Նոր տարուն բնակարան նվեր ստանալ։Սակայն հարցման մասնակիցներից ոչ մեկը չի ասել, որ պատրաստ է որեւէ մեկին նվիրել բնակարան, մեքենա, տեխնիկա կամ փող։

Հետազոտությունը իրականացվել է դեկտեմբերի 7-19-ը, 800 մարդու մասնակցությամբ։