Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը պնդում է, որ ինքը ոչ մեկին չի արգելել մասնակցել դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին:

Այսօր` դեկտեմբերի 26-ին, Վանաձորում հրավիրված մամուլի ասուլիսին, անդրադառնալով մարզի Գուգարք համայնքի թիվ 2 դպրոցի նախկին տնօրեն Սամվել Մացակյանի կողմից արված այն հայտարարությանը, թե մարզպետն իրեն արգելել է մասնակցել տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին, ասելով՝ «դու իմ սեւ ցուցակում ես» Նալբանդյանն ասաց. «Մենք սեւ ցուցակ չունենք, չենք էլ ունենալու: Դպրոցի տնօրեններն ընտրվել են մրցույթով դպրոցներում ստեղծված խորհուրդների կողմից, եւ հիմնականում բոլորի պայմանագրերի ժամկետը եղել է հինգ տարի ժամանակով: Յուրաքանչյուր դպրոցի տնօրեն պետք է հստակ հասկանա, որ 5 տարին անցնելուց հետո նոր մրցույթ է հայտարարվելու: Եվ մենք օրենքով սահմանված կարգով նոր մրցույթ ենք հայտարարել: Մենք չենք կարող ինչ-որ դպրոցի տնօրենի դժգոհության պատճառով օրենքը խախտել, ասենք՝ մրցույթ չենք հայտարարում, լավ, դու գնա, մինչեւ թոշակն աշխատի»:

Տնօրենի հնչեցրած դիտարկմանը, թե մարզպետը արգելել է իրեն մրցույթին մասնակցել, Ա.Նալբանդյան արձագանքում է. «Ես որ որեւէ մեկին արգելեմ, ինքը չի կարող մասնակցել: Ուրեմն չեմ արգելել, որ մասնակցում է»:

Արդար ու թափանցիկ անցնելուն նպաստելու համար մարզպետը լրագրողներին առաջարկեց ներկա գտնվել դեկտեմբերի 27-ին կայանալիք մրցույթին: