Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ ՀՀ Նախագահի նստավայրում մեկնարկել են երեխաների համար անցկացվող ամենամյա տոնական միջոցառումները. այսօր Բաղրամյան 26-ում հյուրընկալվել են Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արարատի սահմանամերձ (գնդակոծվող) գյուղերի աշակերտներ, Օլիմպիադաների («Կենգուրու», «Մեղու») մրցանակակիրներ, սահմանափակ կարողություններով (հաշմանդամ) եւ Հայաստանում ապաստան գտած սիրիահայ երեխաներ, ինչպես նաեւ հանրակրթական դպրոցների բարձր առաջադիմություն ցուցաբերած 300 աշակերտներ:
Նախագահի նստավայրում Ամանորի շեմին երեխաների համար կազմակերպվող ավանդական դարձած տոնական միջոցառումներին մասնակցում են 6-12 տարեկան շուրջ 1000 երեխաներ մայրաքաղաքից եւ Հանրապետության մարզերից:
Միջոցառումները երեխաների համար Բաղրամյան 26-ում կշարունակվեն նաեւ դեկտեմբերի 27-ին: Վաղը Նախագահի նստավայրում կհյուրընկալվեն ՀՀ ԶՈՒ զինծառայողների, Արցախյան ազատամարտում, ինչպես նաեւ Ապրիլյան պատերազմում զոհված, հաշմանդամ դարձած զինվորների, Երկրապահ կամավորական միության անդամների ընտանիքների երեխաներ եւ թոռնիկներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, ՀՀ ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների երեխաներ։


































