ՄԱԿ-ը, Աֆրիկյան միությունը, Եվրամիությունն ու մի շարք այլ միջազգային կազմակերպություններ, նաեւ մի քանի արեւմտյան երկրների իշխանություններ խորը մտահոգություն են հայտնել ընտրությունների վերաբերյալ Սոմալիի Ազգային ֆորումի որոշման կապակցությամբ։
Նրանք նշել են, որ դաշնային խորհրդարանի երդմնակալությունը առաջընթաց է ընտրական գործընթացում։ Սակայն նրանք համարում են, որ այդ գործընթացը պետք է շարունակվի խորհրդարանի վերին պալատի գոյություն ունեցող ձեւաչափի շրջանակում։ Այն, ըստ երկրի ժամանակավոր սահմանադրության, 54 պատգամավորական աթոռ ունի։ Եվ, ինչպես միջազգային համայնքի ներկայացուցիչներն են հայտնում, վերին պալատի ընդլայնումը կարող է տեղի ունենալ միայն նախագահական ընտրությունների անցկացումից հետո։ Նրանք նաեւ նշել են ընտրական գործընթացի մի շարք այլ իրավախախտումներ։ Մասնավորապես այն, որ միայն կանանց համար նախատեսված տեղերը բաժին են ընկել տղամարդկանց։
Հիշեցնենք, որ Սոմալիում նախագահական ընտրությունները ծրագրված էին դեկտեմբերի 28-ին, ասակայն նախօրեին դրանք հետաձգվել են ՝ արդեն չորրորդ անգամ։





























