Ամանորը, որը ժողովրդի ամենասիրելի տոներից մեկն է, բնականաբար չէր կարող խուսափել սնահավատություններից ու զանազան նշաններից։ Նկատենք, որ դրանցից մի քանիսը զուտ գործնական նշանակություն ունեն։ Դե իսկ մնացածը մարդկանց բուռն երևակայության արդյունքն են։ Նշանները բազմաթիվ են, այնպես որ միայն մի քանիսին կանդրադառնանք։
Օրինակ, որպեսզի գալիք տարում փողի կարիք չզգաք՝ պետք է ձեր բոլոր պարտապաններին խնդրեք պարտքը վերադարձնել անցնող տարվա վերջին օրը։ Եվ ինքներդ էլ՝ եթե պարտք ունեք, ավելի լավ է վերադարձնեք, որպեսզի հանգիստ խղճով դիմավորեք Նոր տարին։
Դե, իսկ մարդիկ բնականաբար այս ողջամիտ գաղափարը ստեղծագործականորեն զարգացրել են։ Եվ այսպես, խորհուրդ են տալիս փոքր չափի գումար պարտքով վերցնել (նաեւ ինչ-որ մեկին պարտքով գումար տալ) ընկերներից ու ազգականներից, այնուհետեւ այդ պարտքը մարել Նոր տարվա նախօրեին։ Խորհուրդն, ըստ էության, վնասակար չէ, ոչ էլ բարդ։
Մեկ այլ խորհուրդ ՝ հին տարվա վերջին օրը, նաեւ նոր տարվա առաջին օրը մի փորձեք հյուրերին ճանապարհել նրանց կամքին հակառակ։ Հակառակ դեպքում երջանկությունը երես կթեքի ձեզնից։ Սակայն կան կասկածներ, որ այս խորհուրդը հենց նրանք են հորինել, ովքեր սիրում են հյուր գնալ ու երկար մնալ ուրիշի տանը։
Բոլորին հայտնի նշան՝ որքան առատ լինի նոր տարվա սեղանը, այդքան ավելի ապահովված կլինի ձեր կյանքը նոր տարում։ Այս հարցում կարեւորը չափավորությունն է, հակառակ դեպքում տոներից հետո բավականաչափ ավելորդ սնունդ ստիպված կլինեք շպրտել։
Համարվում է, որ եթե հունվարի 1-ին դուրս գալով տնից, դուք մեծ շուն հանդիպեք, ապա ձեզ կժպտա հաջողությունը։ Դատել;ով մեր մայրաքաղաքում անօթեւան շների քանակից ՝ նման հաջողությունն ապահովված է բոլոր երեւանցիներին։ Իսկ ահա երջանկություն բերող մեկ ուրիշ կենդանու՝ սպիտակ ձիուն, մեր ժամանակներում իրոք դժվար է հանդիպել։ Նույնը վերաբերում է նաեւ ձիու նալին, որն Ամանորին գտնելը կրկնակի հաջողություն է նշանակում։ Ափսոս, որ մեքենայացման դարաշրջանը զգալիորեն նվազեցնում է այդ հավանականությունը։ Գուցե գյուղացիների բախտն այս հարցում ավելի շատ կբերի․․․
Կա նաեւ բավականին հետաքրքիր արեւելյան նշան։ Սառնարանում պետք է կարմիր քսակ դնել ՝ կոպեկների կենտ քանակության։ Ընդ որում գիրը դեպի վեր։ Ի դեպ սառնարանի հիշատակումն այս նշանում հաստատ «վկայում է» այն մասին, որ այն սկիզբ է առնում անհիշելի ժամանակներից։ Նաեւ հարստանալու համար խորհուրդ են տալիս ամանորյա գիշերը գրպանի մեջ խոշոր թղթադրամ դնել։ Բայց չեն ճշգրտում, թե ինչ թղթադրամ պետք է լինի՝ դրամ, թե՞ դոլար։ Այնպես որ այս հարցում ամեն ինչ կախված է ձեր հնարավորություններից։





























