Ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան ընկերությունների մասով մենք արդեն Հայաստանի տնտեսության մեջ մոտ 500 մլն դոլարի ներդրում ենք ակնկալում: Հունվարի 26-ին՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Հարցին՝ արդյոք իրակա՞ն են 300 մլն դոլարի չափով ռուսական ներդրումները Հայաստան ներգրավելու պնդումները, նախարարը պատասխանեց. «Այո՛, առնվազն: Ինձ թվում է՝ շատ ավելին կլինի»: Կարայանի խոսքով՝ ռուսական կողմը հիմնականում հետաքրքրված է վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսական արտադրանքի, հանքարդյունաբերության ոլորտներում ներդրումներով:
Ի պատասխան այն հարցին, թե արդյոք ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները կարո՞ղ են խոչընդոտ լինել ներդրումների ներգրավման ճանապարհին, նախարարը նշեց. «Ինչ-որ չափով՝ այո: Համանման ցանկացած գործընթաց որոշակի զսպող դեր է ունենում: Բայց կարող եմ ասել, որ Հայաստանում այն կազմակերպությունները, որոնց հետ վերջին շրջանում համատեղ աշխատանքներ ենք իրականացրել, նույնպես ներդրումներով հետաքրքրված են եւ արդեն սկսել են դրանք կատարել»:




























