Գերմանամկների սննդակարգում չափից շատ եգիպտացորենը նրանց կանիբալ է դարձնում, այսինքն նրանք սկսում են ուտել սեփական ձագերին։ Այս մասին հայտնում է The Guardian –ը, վկայակոչելով Ստրասբուրգի համալսարանի գիտնականներին։

Այս հետազոտության նպատակն էր հասկանալ, թե ինչու է Արեւմտյան Եվրոպայում անհետանում սովորական գերմանամուկը։ Պարզվել է, որ դրա պատճառը նրանց սննդակարգում եգիպտացորենի առատությունն է, ինչը անսովոր ագրեսիվ վարքագծի է հանգեցնում։

Այդ սննդակարգը օրգանիզմում առաջացնում է Բ3 վիտամինի պակաս ու հանգեցնում պելագրայի։ Փորձից հետո պարզվել է, որ կրծողների սննդակարգում վիտամին հավելելու դեպքում նրանք այլեւս իրենց ագրեսիվ չեն պահում։

Պելագրան ավիտամինոզի տեսակներից մեկն է, որը երկարատեւ թերարժեք սննդի հետեւանքն է։ Առայսօր տարածված է Հարավային Ամերիկայում ու Աֆրիկայում։