«Ռելսերին կպառկեմ, եթե գները բարձրանան». Բորիս Ելցին
1931–ի փետրվարի 1-ին ծնվել է Բորիս Նիկոլայի Ելցինը, որը պատմության մեջ մտել է որպես Ռուսաստանի առաջին նախագահ։ Քաղաքական գործչի ծննդյան օրը ներկայացնում ենք նրա կյանքից մի քանի հետաքրքիր փաստ եւ ոչ պակաս «հետաքրքիր» արտահայտություններ։
Ելցինը վաղ տարիքում զրկվել էր ձախ ձեռքի 2 մատներից։ Երեխա ժամանակ նա ընկերների հետ խաղալիս ռազմական պահեստից նռնակ էր գողացել, որի պայթյունից էլ կորցրել էր մատները։
35 տարեկանում Ելցինը Սվերդլովսկի բնակարանաշինության գործարանում գլխավոր ինժեներ էր աշխատում։ Հնգամյա պլանի արդյունքում նրան պետք է ներկայացնեին Լենինի շքանշանի։ Սակայն պարգեւատրումը չկայացավ։ Նրա թեկնածությունը հաստատելու նախօրեին փլուզվել էր գրեթե պատրաստ 5-հարկանի շենքը, որը կառուցել էր Ելցինի ղեկավարած կառույցը։
1987-ի նոյեմբերին, երբ Ելցինը հանդես եկավ Գորբաչովի սուր քննադատությամբ, նրան ազատեցին Կոմկուսի Մոսկվայի քաղաքային կոմիտեի քարտուղարի պաշտոնից։ Դրանից անմիջապես հետո նա հիվանդանոց ընկավ, որտեղ, ըստ որոշ տեղեկությունների, նա փորձել էր ինքնասպան լինել մկրատով։
1989–ին Ելցինն առաջին անգամ մասնավոր այցով այցելեց ԱՄՆ։ Արեւմտյան լրատվամիջոցները գրում էին, որ Բալտիմորում օդանավից իջնելով՝ նա հանկարծ թեքվել է դեպի անիվը եւ միզել։ Դրանից հետո առանց ձեռքերը լվանալու, նա մոտեցել էր իրեն դիմավորողներին ձեռքսեղմումով ողջունելու։
1990–ին Ելցինի օդանավը Իսպանիա մեկնելիս վթարի էր ենթարկվել։ Այն կոշտ վայրէջք էր կատարել, որի հետեւանքով Ելցինը ողնաշարի լուրջ վնասվածք էր ստացել։ Ավելի ուշ շատ էին խոսում, որ վթարը կազմակերպել էր ՊԱԿ–ը։
1991–ի վերջին Նոր տարվա կապակցությամբ ամանորյա ուղերձը Ռուսաստանի ժողովրդին հղեց ոչ թե Ելցինն, այլ հայտնի երգիծաբան Միխայիլ Զադորնովը։ Նրա խոսքով՝ իրեն ասել էին, որ Ելցինն աշխատում է եւ փաստաթղթերի հետ կապված շատ գործ ունի։
Ելցինի մահից հետո Պետդումայի նիստում կոմունիստների խմբակցությունը հրաժարվեց հոտնկայս հարգել նախկին նախագահի հիշատակը։
Մենք, իհարկե, մեր կողմից կանենք ամեն բան, բայց ամեն ինչ չէ, որ կարող ենք։ Այսինքն՝ կարող ենք, բայց խիղճը թույլ չի տալիս։
Որպեսզի նրան համոզեմ, որ իմ սիրտն աշխատում է ժամացույցի պես, ես նրան բաղնիք տարա։
Քաղաքական գործչի տարիքը 65-ն է, իսկ դրանից հետո նա մարազմի գիրկն է ընկնում։
Դա ճիշտ որոշում էր։ Իմ որոշումը։
Դուք վատ եք ծնում։ Ես հասկանում եմ, հիմա դժվար է երեխա ծնել, բայց պետք է ամեն դեպքում կամաց–կամաց ուժ տաք։
Մեր երկիրը անդունդի եզրին է, բայց նախագահի շնորհիվ մենք մի քայլ առաջ կանենք։
Գեներալների թիվն արդեն նորմատիվից շատ է։
Միթե ռուսական շոկոլադը ներմուծվածից վատն է։ Իսկ գարեջու՞րը։ Օղու մասին ես չեմ էլ խոսում։
Ես կոպեկ նետեցի Ենիսեյը, որ երջանկություն բերի։ Բայց մի՛ կարծեք, թե դրանով նախագահի կողմից ձեր երկրամասին ֆինանսական աջակցությունը սպառվեց։
Փողը քիչ է, իսկ մարդկանց պետք է շատ սիրել։
Ես վստահ եմ, որ ձեզնից ոչ ոք Ռուսաստանից չի փախչի։
Ես այսօր գիշեր ինչ–որ կերպ պատրաստվում էի։ Ես որոշեցի, որ թարմ գլխով, այսպես ասած, ժամը 2-ին Պուշկին կարդամ։ Եվ գիտեք ինչ կա. պարզվում է, որդա այնքան էլ հեշտ չէ։
Երկու նախարար համառում էին եւ չէին ուզում այդ հարցը լուծել։ Մենք վերցրինք, բաժանեցինք նրանց եւ վերջ։ Մեկին մի կողմում թողեցինք, մյուսին՝ մի, եւ ամեն բան հարթվեց։
Մենք կոչնչացնենք մեր միջուկային զենքը Ամերիկայի հետ։
Վիկտոր Չերնոմիրդինը կյանքի մեծ մասն ապրել է. եղել է եւ՛ վերեւից, եւ՛ ներքեւից, եւ՛ ներքեւից, եւ՛ վերեւից։
Ես նույնպես պապիկ եմ։ 3 թոռ ունեմ։ Օյ, ոչ, ես 4 թոռ ունեմ, բոլորովին ուժասպառ եմ եղել։




























