Լոռու մարզի Սարամեջ գյուղում բնակվող 13-ամյա  Արտուշ Գրիգորյանն այսօր՝ փետրվարի 1-ին,  դպրոցում ընկել ու կոտրել է ձեռքը. ցավից տանջվող տղային Սպիտակի բժշկական կենտրոն հասցնելու ծնողների բոլոր ջանքերը ապարդյուն են անցել, քանի որ նրանց մեքենան մեկ տասնյակ այլ մեքենաների հետ խցանվել, մնացել է  Սարամեջ-Սպիտակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ում:

Տղայի հարազատներն ահազանգել են  Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի 911 ծառայություն: Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոչ միայն փրկարարները, այլեւ Սպիտակի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության բրիգադը:

Բրիգադի հետ դեպքի վայր մեկնած շտապօգնության ենթակայանի պետ Հասմիկ Համբարյանի խոսքով իրենց մեքենային այդպես էլ չի հաջողվել մոտենալ տուժածին:

«Ճանապարհները փակ էին, երեւի մի 10 մեքենա կանգնած էր շարասյունը, մաքրող մեքենան փչացել էր, այնպես որ անանցանելի էր ոչ միայն շտապ օգնության մեքենայի, այլեւ բոլորի համար»,- նշում է նա:

Օգնության է հասել մարզի փրկարարները, որոնք ճանապարհն  ազատել ու տղային մոտեցրել են շտապօգնության մեքենային, որտեղ երեխային ցուցաբերելով առաջին օգնություն,  տեղափոխել են բժշկական կենտրոն: Տղայի մոտ արձանագրվել է բազկոսկրի վերին երրորդականի կոտրվածք: