Մայիսի 31-ից կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ներսես Պողոսյանն արդեն 6-րդ օրը հացադուլի եւ ջրադուլի մեջ է: NEWS.am-ի հետ զրույցում նրա շահերի պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ իր պաշտպանյալին տեսակցել է փետրվարի 1-ին, նա եղել է առողջական ծանր վիճակում` գունատ եւ հյուծված:
«Ջրադուլն ավելի է խորացնում նրա առողջական խնդիրները: Անգամ ինքը խոստովանեց, որ դժվար է դիմանալը: Խնդրել եմ, որ դադարեցնի, բայց ասաց, որ չի դադարեցնելու եւ շարունակելու է այնքան, որքան կդիմանա»,-ասաց Արայիկ Պապիկյանը:
Այդ վիճակում Ներսեսը շարունակում է նաեւ հրաժարվել բուժօգնությունից:
Ներսես Պողոսյանը ջրադուլով եւ հացադուլով պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանքը:
Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը կալանավորվել է 2016 թվականի մայիսի 31-ին: Նրան մեղադրում են ՀՀ Քրեական օրենսգրքի 235 հոդվածի 2-րդ մասով` Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցության արդյունքում ապօրինի զենք եւ զինամթերք պահելու մեջ: Այս քրեական գործով նախաքննություն ավարտվել է, գործն ուղարկվել է դատարան:



























