Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին հեռացրել են ՀՀԿ խորհրդի կազմից: Այդ մասին այսօր՝ փետրվարի 2-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, ՀՀԿ ԳՄ նիստում որոշում կայացվել խորհրդի կազմից ազատել նախկին կուսակիցներին, որոնք դիմում են գրել, Հովիկ Աբրահամյանին, նրա եղբորը՝ Հենրիկ Աբրահամյանին, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանին՝ հաշվի առնելով իրենց դիմումները:
ԳՄ նիստում քննարկել են ներքաղաքական, ներկուսակցական հարցեր, քննարկվել է կուսակցության նախընտրական ծրագիրը, որն ավարտական փուլում է:
Հարցին, թե քննարկվել են արդյոք ընտրական ցուցակները, Շարմազանովը պատասխանեց, թե ցուցակի հարցերը քննարկելու են փետրվարի առաջին տասնօրյակում: «Մի անհանգստացեք, չենք ուշացնի»,- հորդորեց Շարմազանովը:
Խոսելով կուսակցությունից սկսված արտահոսքի մասին՝ նա նշեց, թե արտահոսքը ավելի քիչ է, քան ներհոսքը: ՀՀԿ մամուլի քարտուղարը շնորհակալություն հայտնեց նախկին գործընկերներին համատեղ աշխատանքի համար:
Լրագրողները նաեւ հարցրին, թե ինչպես են պայքարելու Արտաշատում նախկին վարչապետի դեմ, ի պատասխան Շարմազանովն ասաց. «ՀՀԿ-ն որեւէ քաղաքական գործչի դեմ չի պայքարում, առավել եւս նախկին հանրապետական Հովիկ Աբրահամյանի դեմ: Անկախ թե որ դաշտում կլինեն այդ հարգարժան գործիչները: Մրցակից մենք տեսնում ենք բոլոր այն ուժերին, որոնք պատրաստ են ազատ եւ մրցակցային պայքարում գնալ բանավեճի: Սա է Հայաստանի ճանապարհը»:




























