Բանակից զորացրված ուսանողները, որոնք  2016 թ. ապրիլի 2-5-ը մասնակցել են մարտական գործողություններին, ստացել են ուսման վարձի առնվազն 50 տոկոս զեղչ:

ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ վարձավճարի զեղչման համար հիմք է հանդիսացել զինգրքույկում  մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ գրառումը:

2016-17 ուսումնական տարվա առաջին կիսամյակի համար ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 475 ուսանողների համար կատարվել է վերոնշյալ զեղչը: Որպես կանոն՝ բուհերը ուսման վարձի զեղչերի կիրառման ժամանակ սահմանում են նաեւ միջին որակական գնահատականի՝ ՄՈԳ-ի նվազագույն շեմ ապահովելու պահանջ: Այս պահանջը, սակայն, ապրիլյան պատերազմի մասնակիցների վրա չի տարածվել եւ վերջիններս ուսման վարձի զեղչից օգտվել են:

Տեղեկացնենք, որ բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսման վարձավճարի զեղչերն արվում են ըստ կիսամյակների: Երկրորդ կիսամյակի արդյունքները կամփոփվեն մինչեւ ապրիլ:

Միաժամանակ հավելենք նաեւ, որ «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ  օրենքի համաձայն՝ այն ուսանողները, ովքեր իրականացրել են մարտական հերթապահություն /նրանք զինգրքույկում պետք է  ունենան մարտական հերթապահության մասին գրառում եւ  համապատախան կնիք/ ստանում են ուսման վարձի 30 տոկոս զեղչ՝ ըստ ՄՈԳ-ի:

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից եւ ծառայության ընթացքում մարտական հերթապահություն իրականացրած ուսանողները ուսման վարձի զեղչից օգտվելու համար պետք է դիմեն բարձրագույն ուսումնական հաստատություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ զորացրված բազմաթիվ զինծառայողներ, որոնք քառօրյա պատերազմի մասնակից են եղել, դիմել էին լրատվամիջոցներին եւ ներկայացրել իրենց զինգրքույկների լուսանկարները, որտեղ երեւում է՝ զինգրքույկում սպիտակ ներկով ջնջված է գրառումն այն մասին, որ երիտասարդները ապրիլյան պատերազմի մասնակից են եղել: Այս փաստը բուռն արձագանք էր գտել հասարակության շրջանում:

Այս առթիվ ԼՂՀ ՊԲ-ն հայտարարություն է տարածել, նշելով, որ 2016թ. ապրիլյան մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու վերաբերյալ որոշ զինծառայողների զինգրքույկներում արված նշումներն անփութության արդյունք են. «Դա բացառապես պայմանավորված է տվյալ զորամասի համապատասխան պաշտոնատար անձի անփութության արդյունքում թույլ տրված վրիպումով»,-ասված է հայտարարությունում: