Սեւանի նախկին քաղաքապետ ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանին թեեւ հարազատ կուսակցությունը չսատարեց Սեւանի քաղաքապետի ընտրություններում եւ նա պարտվեց, սակայն չի պատրաստվում լքել կուսակցությունը եւ հանգրվանել նեղացածների ճակատում:
NEWS.am-ի հետ զրույցում Ղուկասյանն ասաց` Սեւանում ՀՀԿ տարածքային ցուցակով չի առաջադրելու թեկնածությունը եւ այլ քաղաքական ուժերի առաջարկներն էլ չի ընդունելու:
«Իհարկե, ուրիշ կուսակցություններից եղել է առաջարկ, ես հրաժարվել եմ, առայժմ չեմ ուզում»,-ասել է Ռուդիկ Ղուկասյանը:Ինչ վերաբերում է ՀՀԿ-ից դուրս գալուն, ասել է. «Ոչինչ որ չսատարեցին, ես հո նեղացած չեմ, երեւի նեղացածներն են դուրս գալիս…այս ընտրություններում Հայաստանի Հանրապետության օգտին եմ աշխատելու: Կլսեմ` ով ա նորմալ բան ասում, նրան էլ «պադդերժկա» կանենք»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում Սեւանի քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանին չսատարեց իշխանությունը, ինչի արդյունքում քաղաքապետ ընտրվեց անկուսակցական Սարգիս Մուրադյանը:
Ռուդիկ Ղուկասյանը նեղացել էր կուսակցվությունից, ենթադրվում էր, որ կհեռանա ՀՀԿ-ից, սակայն նա շարունակում է մնալ:



























