Գեղարքունիքի մարզում թեժ մրցակցություն է սպասվում մասնավորապես Հանրապետական կուսակցության թեկնածուների միջեւ: Առաջադրվող թեկնածուների ցանկը դեռ վերջնականապես չի հաստատել, սակայն առանցքային առաջադրումներն արդեն իսկ հայտնի են: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հարցը դեռ քննարկվում է: Նրա առաջադրվելը կախված է առաջարկվող թեկնածուների մրցունակությունից: Նախնական տեղեկություններով` Ռաֆիկ Գրիգորյանը ղեկավարելու է ՀՀԿ մարզային շտաբը եւ այս պահին նա թեկնածուների փնտրտուքների մեջ է: Եթե այլ քաղաքական ուժեր այս մարզում ունենան մրցունակ թեկնածուներ, մարզպետը չի առաջադրվի: NEWS.am-ի հետ զրույցում մարզպետը հրաժարվեց խոսել առաջադրումների մասին, նշեց, որ դեռ ամեն ինչ քննարկման փուլում է, եւ որեւէ մեկի առաջադրվելու մասին չի կարող հաստատել:
Մեզ հաջողվեց ճշտել, որ այս պահի դրությամբ Հանրապետական կուսակցությունը հավանություն է տվել մի քանի թեկնածուի:
ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հակոբ Հակոբյանն է կրկին առաջադրվելու, որը նախկին ընտրություններում մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է ընտրվել Մարտունու տարածքից: Նա պատգամավոր է 1999 թվականից:
Այս տարածքից առաջադրվելու է նաեւ ՀՀԿ անդամ Գեղամ Հովեյանը: Նա Վարդենիկի գյուղապետի եղբայրն է: Նշենք, որ Վարդենիկը ՀՀ ամենամեծ գյուղն է: Հովհաննես Հովեյանը երրորդ անգամ է ընտրվել համայնքապետի պաշտոնում:
Գավառի տարածքից առաջադրվելու է Հրանուշ Հակոբյանի քրոջ դուստրը` Ռուզաննա Հակոբյանը, որը Գավառի պետական համալսարանի ռեկտորն է:
Սեւանից առաջադրվելու է նախկին ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանը:
Գեղարքունիքի մարզում քննարկվում են նաեւ դպրոցի, հիվանդանոցների եւ այլ հաստատությունների տնօրենների թեկնածությունը:
Քաղաքապետերն ու գյուղապետերը եւս կլինեն տարածքային ցուցակներում: Գեղարքունիքի մարզում թեժ մրցակցություն է սպասվում հատկապես ՀՀԿ-ական թեկնածուների միջեւ, որոնք ունեն այս տարիներին ձեւավորել են յուրային ընտրազանգված եւ նոր ընտրակարգի պարագայում ստիպված են լինելու նաեւ աշխատել միմյանց ձայներին տիրանալու ուղղությամբ:



























