Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Ազգային ճակատ» աջակողմյան կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը փետրվարի 4-ին հրապարակել է նախընտրական ծրագիրը: Քաղաքական գործչի 144 խոստումների թվում է ԵՄ կազմից դուրս գալու մասին հանրաքվեն եւ միգրանտների համար քվոտա սահմանելը, հայտնում է DW-ն:

Ընտրություններում հաղթելու դեպքում Լե Պենը պլանավորում է նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո կես տարվա ընթացքում պլեբիսցիտ անցկացնել Frexit-ի  հարցով: Բացի այդ, նա մտադիր է Ֆրանսիան դուրս բերել ՆԱՏՕ-ի միավորված հրամանատարությունից եւ երկրի ռազմական բյուջեն մեծացնել մինչեւ ՀՆԱ 3 տոկոսը: Քաղաքական գործիչը պլանավորում է ոստիկանության հաստիքն ընդլայնել 15 հազար ոստիկանով եւ նոր բանտեր կառուցել 40 հազար տեղերով:

Լե Պենը պլանավորում է միգրացիոն քվոտան սահմանել տարեկան 10 հազար ներգաղթյալի սահմաններում եւ միաժամանակ բարդացնել Ֆրանսիայի քաղաքացիություն տալու գործընթացը: Անվճար կրության իրավունք պետք է ստանան միայն Ֆրանսիայի քաղաքացիները:

Նշենք, որ Ֆրանսիայում նախագահի ընտրությունների 1-ին փուլը կկայանա ապրիլի 23-ին, երկրորդը՝ մայիսի 7-ին: