Մերձդնեստրի խնդրի լուծման համար անհրաժեշտ է ամրապնդել Քիշնեւի եւ Տիրասպոլի միջեւ վստահությունը: Այս մասին փետրվարի 4-ին ասել է Ավստրիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Քուրցը:

«Առաջին գերակա ուղղությունն ահաբեկչության եւ ագրեսիայի դեմ պայքարն է, երկրորդը՝ վստահության կառուցումը, քանի որ Ուկրաինայի ճգնաժամից հետո մեր աշխարհամասում «բլոկային մտածելակերպի», Արեւելքն Արեւմուտքի հետ հակադրելու, ԵՄ-ն ու ԱՄՆ-ը ՌԴ-ին հակադրելու միտում է ի հայտ եկել: Երրորդ գերակա ուղղությունը ամենակարեւորն է, ԵԱՀԿ երկրներում տեղ գտած հակամարտությունները լուծելը», - ասել է Քուրցը:

Նա նաեւ նշել է, որ այդ պաշտոնում Մոլդովան եւ Մերձդնեստրն ընտրել է որպես իր այցելության առաջին վայր, որպեսզի հասցնի Մերձդնեստրի խնդրի կարգավորումը ԵԱՀԿ-ի համար գերակա լինելու ուղերձը: