Անկախ թեկնածու Էմանուել Մաքրոնը, որը կողմ է արտահայտվում ԵՄ պահպանմանը ու ազատ առեւտրին, առաջատար է ճանաչվել հասարակական կարծիքի հարցման արդյունքներով՝ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների նախօրեին։ Սակայն ըստ հարցման արդյունքների՝ առաջին փուլում նա կզիջի Մարին Լե Պենին, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։
Ըստ Opinionway գործակալության անցկացրած հարցման, եթե Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն այսօր կայանար, ապա Մաքրոնը կստանար ընտրողների 65 տոկոսի ձայնը։ Նրա մրցակցուհուն՝ Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենին երկրորդ փուլում կաջակցեր հարցման մասնակիցների 35 տոկոսը։
Առաջին փուլում, ըստ հարցման, կհաղթեր Լե Պենը՝ 26 տոկոսով, իսկ Մաքրոնը կստանար 23 տոկոս ձայն։ Այսինքն հենց այդ երկու թեկնածուները դուրս կգային երկրորդ փուլ։
Ընտրողների 20 տոկոսն էլ կքվեարկեր Հանրապետականներ կուսակցության առաջնորդ Ֆրանսուա Ֆիյոնի օգտին, որը դեռ վերջերս համարվում էր ընտրապայքարի ֆավորիտ, սակայն սկսել է կտրուկ զիջել դիրքերը այն բանից հետո, երբ հայտնվել է սկանդալի կենտրոնում։ Նրա դեմ նախնական հետաքննություն է սկսվել ՝ պետական միջոցների մսխման կասկածանքով։



























