Մեր դեսպանները տիրապետո՞ւմ են ապրանքաշրջանառության, ֆինանսական հոսքերի, ներդրումների տեղեկատվությանը: ԱԳ նախարարին Էդվարդ Նալբանդյանին հարցրել է վարչապետ Կարեն կարապետյանը կառավարությունում ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների եւ ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկմանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ 2016 թվականի ընթացքում նախարարությունը Հայաստանի Նախագահի ուրվագծած արտաքին քաղաքականության ուղենիշների եւ նրա կողմից տրված հանձնարարականների ու ՀՀ կառավարության ծրագրի հիման վրա շարունակել է աշխատանքներն՝ ուղղված Հանրապետության արտաքին անվտանգության բաղադրիչի ամրապնդմանը, երկրի զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների եւ երաշխիքների ապահովմանը, բարեկամ եւ գործընկեր պետությունների հետ փոխշահավետ համագործակցության զարգացմանը, միջազգային կազմակերպություններում եւ գործընթացներում ներգրավվածության խորացմանը, տարբեր մայրցամաքներում Հայաստանի բարեկամների թվի ավելացմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի հեղինակության եւ դիրքերի ամրապնդմանը: Աշխատանքները միտված են եղել նաեւ միջազգային եւ տարածաշրջանային տնտեսական ու ֆինանսական կառույցների հետ ակտիվ համագործակցության զարգացմանը, արտերկրում ՀՀ-ի եւ նրա քաղաքացիների շահերի պաշտպանությանը, հայկական մշակութային ժառանգության պահպանմանը, միջազգային հարաբերություններում դրական օրակարգ ձեւավորող եւ մեր շահերից բխող նախաձեռնությունների իրականացմանը, արտաքին հարաբերություններում պետական կառավարման մարմինների գործունեության համակարգմանը:

Նալբանդյանը զեկուցել է, որ 2017 թ. ՀՀ արտաքին գործերի նախարարությունը շարունակելու է Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության հետագա ամրապնդման, զարգացման համար անհրաժեշտ արտաքին բարենպաստ պայմանների ապահովման, համաշխարհային եւ տարածաշրջանային գործընթացներում առավել ընդգրկման, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ երկկողմ ու բազմակողմ հարաբերությունների զարգացման ու ամրապնդման, միջազգային կազմակերպություններում գործուն մասնակցության ապահովման արտաքին քաղաքական ուղեգիծը:

Վարչապետ Կարապետյանը հետաքրքրվել է օտարերկրյա պետություններում հավատարմագրված ՀՀ դեսպաններին՝ տնտեսական գործունեության ուղղությամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ եւ նշել. «Մեր դեսպանները տիրապետո՞ւմ են ապրանքաշրջանառության, ֆինանսական հոսքերի, ներդրումների տեղեկատվությանը: Նրանք իրենց առջեւ ո՞ւնեն խնդիր, թե կոնկրետ ապրանքատեսակը որ ներդրողին, որ բիզնես կառույցին ներկայացնեն»: Գործադիրի ղեկավարը հանձնարարել է կառավարության աշխատակազմ ներկայացնել վերլուծական տեղեկանք՝ դեսպանատների տնտեսական գործունեության ադյունքների վերաբերյալ: Կարեն Կարապետյանը առեւտրաշրջանառության, ներդրումների ներգրավման գործում կարեւորել է նաեւ սփյուռքի ներուժի օգտագործումը: