Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հաստատել է իր դիրքորոշումը, համաձայն որի Մոլդովան պետք է դադարեցնի Եվրամիության հետ ասոցացման գործընթացը։ Այս մասին նա հայտարարել է Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալ Տուսկի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է RFI–ը։

«Ես շեշտել եմ, որ չնայած մեր երկրի զարգացման հարցում լավատեսական կանխատեսումներին, Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի կնքումից երկու տարի անց իրավիճակը մեր երկրում վատթարացել է։ Խոսքը ինչպես մակրոտնտեսական ցուցանիշների, այնպես էլ՝ մարդկանց կենսամակարդակի, կոռուպցիայի ցուցիչի, ինչպես նաեւ պետական կառույցների անկախության եւ լրատվամիջոցների ազատության մասին է», – Facebook–ի իր էջում գրել է Դոդոնը։

Նա նաեւ հավելել է, թե «հերթական կամ արտահերթ ընտրությունների, կամ էլ հնարավոր հանրաքվեի շրջանակներում լուծվելու է ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագրի չեղարկման հարցը»։ Եվ ինքը, որպես նախագահ սատարելու է այդ նախաձեռնությանը։