Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով ամբաստանյալ Յուրի Հակոբյանի պաշտպանը` Արմեն Նադիրյանը, այսօր` փետրվարի 7-ին, դատական նիստը սկսեց դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելով: Նրա խոսքով` դատավոր Աննա Դանիբեկյանը կանխակալ վերաբերմունք ունի իր պաշտպանի նկատմամբ:

«ՀՀ ՔՕ-ի 291-րդ հոդվածի 2-րդ մասով գործը վարույթ ընդունելուց միայն երեք օր անց, որը պետք այլ նաև դրանից հետո իմ պաշտպանյալը չի ծանուցվել: Բացի այդ, Դուք եք կայացրել նաեւ իմ պաշտպանյալի` Յուրի Հակոբյանի խափանման միջոց կալանքը երկարացնելու մասին որոշումը, հաշվի չառնելով նրա այլուրերգությունները: Հիշեցնեմ, որ վճիռը կայացրել եք ընդամենը 23 վայրկյանում, ինչը պարզապես անհնար էր »,-ասաց նա:

Դատավորի ինքնաբացարկի միջնորդությանը միացան նաեւ մնացած 4 ամբաստանյալների պաշտպանները` նշելով, որ դատական նիստին ներկայանալու մասին ծանուցումները նրանք էլ ստացել են դատական նիստից 2 օր անց ու հավելեցին, որը, ըստ իրենց խոսում է դատավորի կանխակալ վերաբերմունքի մասին:

Տուժողի իրավահաջորդ Փառանձեմ Մեյթիխանյանը եւ իրավահաջորդի ներկայացուցիչ Ինեսսա Պետրոսյանը առարկեցին պաշտպանական կողմի միջնորդությունը` նշելով, որ ծանուցումների ուշացում կապված է ամանորյա տոներին փոստի ծանրաբեռնված աշխատանքի հետ ու դրանք ընդամենը տեխնիկական խնդիրներ են եւ չեն կարող վկայել դատավորի կանխակալ վերաբերմունքի մասին այս գործի շրջանակներում:

Մոտ 90 րոպե խորհրդակցությունների սենյակում անցկացնելուց հետո դատավորը հայտարարեց, որ դատարանը մերժել է ամբաստանյալ Յուրի Հակոբյանի պաշտպան Արմեն Նադիրյանի՝ դատավորի նկատմամբ միջնորդությունը:

Ամբաստանյալներից մեկի` Արտաշես Չիչոյանի պաշտպանը` Միհրան Պողոսյանը, առաջին մերժված միջնորդությունից հետո ներկայացրեց երկրորդը, դատախազ Վարդգես Սարգսյանին բացարկ ներկայացնելու մասին, պատճառաբանելով, որ քննչական մարմինը Արտաշես Չիչոյանի դեմ մեղադրանք է առաջադրել, հաշվի չառնելով նրա հոգեկան խիստ հուզմունքի վիճակում գտնվելու հանգամանքը, ինչը հերքել է միայն նրանով, որ Արտաշես Չիչոյանը վարորդական իրավունք ունի, որը ստացել է տարիներ առաջ:Բացի դրանից, նա նշեց, որ քննչական մարմինը չի տվել այն հարցի պատասխանը, թե հատկապես որ հարվածից հետո է Եղիշե Խաչատրյանը մահացել, ինչը, նրա խոսքով, շատ կարեւոր է:

Արմեն Նադիրյանն էլ հավելեց, որ դատախազը պատշաճ ձեւով չի քննել վկաներին, որոնք հաստատում են իր պաշտպանյալի այլուրերգությունը.  «Դատախազը իմ պաշտպանյալի այլուրեքությունը հաստաստող վկաներին հարցաքննել է դեպքից 35 օր հետո, ինչը թերացում է: Մարդուն 3 օր հետո հարցնում ես ինչ որ բանի մասին, արդեն մոռացած է լինում:

Աշխատանքային ժամի ավարտի պատճառով նիստը հետաձգվեց, միջնորդության վերաբերյալ որոշումը կկայացվի հաջորդ դատական նիստին` մարտի 3-ին:

Ըստ մեղադրանքի՝ Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի, Արարատ Նիկողոսյանի, Յուրի.Հակոբյանի, Արթուր Զաքարյանի եւ ինքնությունը չպարզված անձի հետ խուլիգանական դրդումներով Եղիշե Խաչատրյանին կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, գիտակցելով մեկը մյուսի գործողությունները եւ մեկը մյուսի գործողությունները լրացնելով, խմբով ձեռքերով եւ ոտքերով անկանոն հարվածներ են հասցրել Եղիշե Խաչատրյանի կենսական նշանակություն ունեցող օրգանի` գլխի, ինչպես նաեւ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում եւ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ` ապօրինաբար Եղիշե Խաչատրյանին դիտավորությամբ զրկել են կյանքից:

Միեւնույն ժամանակ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ` Արտաշես Չիչոյանը եւ մյուսները նույն խմբի կազմում կատարել են խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով:

ԴԱՀԿ ծառայության աշխատակից Խաչիկ Կոսյանին, Արտաշես Չիչոյանին, Արարատ Նիկողոսյանին, Յուրի Հակոբյանին եւ Արթուր Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1,4 կետերով: