Մակգիլի համալսարանի կանադացի գիտնականները պարզել են, որ երաժշտությունն ուղեղի վրա ներգործում է այնպես, ինչպես սեքսն ու թմրադեղերը, գրում է Scientific Reports–ը։

Նեյրոֆիզիոլոգները կարծում են, որ երաժշտություն լսելիս միանում են ուղեղի այն նույն հատվածները, ինչ հոգեմետ դեղորայք ընդունելիս, ընկերների հետ շփվելիս կամ նույնիսկ կրոնական ծիսակատարությունների ժամանակ, որոնք ուղեկցվում են գիտակցության փոփոխված վիճակով։

Հետազոտողները որոշել են ստուգել այդ ենթադրությունը՝ արգելափակելով նյարդային բջիջների ռեցեպտորները, որոնց վրա ազդում են թմրադեղերը։ Գիտնականների կարծիքով դա պետք է նվազեցներ երաժշտությունից ստացվող բավականությունը։

Պարզվել է, որ ուղեղում օպիոիդ ռեցեպտորների գործունեության ճնշումն իրոք նվազեցնում էր երաժշտությունից ստացած բավականության մակարդակը։ Դա որոշվել է դիմախաղի փոփոխություններով, նաեւ փորձի մասնակիցների նկարագրություններով։ Նրանց խնդրել են 100 բալանոց սանդղակով գնահատել թե որքանով հաճելի էր իրենց համար երաժշտություն լսելը մինչեւ նալտրեքսոն (օպիոիդ ռեցեպտորները ճնշող դեղամիջոց) ընդունելը ու դրանից հետո։ Պարզվել է, որ մակարդակը նվազել է 73․07 բալից մինչեւ 58․6բալ։