Փետրվարի 1-ին մի քաղաքացուհի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում էր տվել, որ դեռեւս հուլիսին ինտերնետային ծանոթություն է հաստատել ոմն Գ.-ի հետ: Որոշ ժամանակ անց Գ.-ն ծանոթուհուն տեղեկացրել է, որ ձեռք է բերել նրա ինտիմ լուսանկարները եւ դրանք չհրապարակելու դիմաց պահանջել է թանկարժեք բջջային հեռախոս: Հետագայում «վիրտուալ սիրեկանի» մտադրությունը փոխվել է, եւ նրա սիրտը հեռախոսի փոխարեն փող է ուզել: Այլ ելք չունենալով՝ կինն էլ դիմել է ոստիկանություն:

Փորձառու ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան մշակեցին: Իսկ դարանակալումը կազմակերպվեց փետրվարի 6-ին՝ Խանջյան փողոցում, ինչի արդյունքում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, շորթմանն օժանդակելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին տաքսու վարորդ Ա.-ին:

Ըստ վարորդի հայտարարության` ինքը բջջային հեռախոսով խոսել էր իրեն զանգահարած անծանոթի հետ, որն էլ ուղղորդել է նշված գումարը վերցնել եւ փոխանցել մեկ այլ անձի:

Հետագայում պարզվել է, որ ուղղորդողը քրեակատարողական հիմնարկներից մեկի դատապարտյալ Գուրգեն Ասատրյանն է:

Ոստիկանները չեն բացառում, որ տուժած լինեն այլ անձինք եւս:

Շորթման փաստով հարուցվել է քրեական գործ:

Քննությունը շարունակվում է: