Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ֆրանկոֆոն պետությունների եւ կառավարությունների ղեկավարների 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստման եւ անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանում 2018 թվականին կազմակերպվելու է ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը եւ մեր երկիրը երկու տարի ժամկետով ստանձնելու է այս խորոշագույն՝ 84 անդամ, ասոցացված եւ դիտորդ երկրներ ու կառավարություններ ընդգրկող կառույցի նախագահությունը: ԱԳ նախարարի խոսքով՝ Հայաստանն առաջին անգամ է անցկացնելու այս կարգի բարձր մակարդակի, ծավալի եւ միջազգային ընդգրկվածությամբ միջոցառում: Ակնկալվում է, որ գագաթնաժողովին կմասնակցեն շուրջ հինգ տասնյակ պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, նախատեսվում է նաեւ Ֆրանկոֆոնիայի 31 գործընկեր կառույցների պատվիրակությունների մասնակցությունը։ Ակնկալվում է հարյուրից ավելի պատվիրակությունների ժամանում, ընդհանուր հյուրերի քանակը կազմելու է մինչեւ 4000 մարդ: Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաեւ մշտական խորհրդի նիստը: Գագաթնաժողովին կարեւոր տեղ է հատկացվելու այնպիսի ուղղություններին, ինչպիսիք են կայուն զարգացումը, նորարարությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, մշակութային բազմազանությունը, երիտասարդության հարցերը եւ այլն։ Միջոցառումը հնարավորություն է ընձեռում կազմակերպել տնտեսական գործարար ֆորում՝ ֆրանկոֆոն երկրների ընկերությունների եւ ձեռնարկությունների լայն ներկայացվածությամբ: Դրա շրջանակում առաջարկվել է անցկացնել հայկական ապրանքատեսակների եւ ծառայությունների ցուցահանդես, որի միջոցով կներկայացվեն Հայաստանի ներդրումային եւ առեւտրատնտեսական հնարավորությունները, մեր երկրի զբոսաշրջային գրավչությունը:
Վարչապետ Կարապետյանը կարեւորել է մեր երկրում նման մասշտաբային միջոցառման բարձր մակարդակով կազմակերպումը եւ նշել. «Հետաքրքիր իրադարձություն է, հետաքրքիր հարթակ, օգտագործելով այս հնարավորությունը՝ կարող ենք լավագույնս ներկայացնել Հայաստանը եւ էլ ավելի ճանաչելի դարձնել մեր երկիրը»:
Վարչապետը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է ՀՀ արտգործնախարարության գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խմբում ներգրավելու համար նշանակել կոնկրետ պատասխանատուների:




























