Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը համերաշխություն է հայտնել Լատվիային, Լիտվային եւ Էստոնիային եւ խոստացել նրանց Բեռլինի օգնությունը անվտանգության ապահովման հացրում։ «Գերմանիան մեր բալթյան գործընկերների ու բարեկամների կողմ է», – ասել է Գաուկը Ռիգայում Բալթիայի երկրների նախագահների հետ հանդիպման ժամանակ։

Գաուկը մտահոգություն է հայտնել Ուկրաինայի արեւելքում իրավիճակի հարցով Ռուսաստանի հետ լարված հարաբերությունների կապակցությամբ։ Գերմանիայի նախագահը հատուկ շեշտել է Մոսկվայի կողմից տարվող «ապատեղեկատվության քարոզարշավների» վտանգավորությունը։ Քննարկվել են նաեւ Եվրամիության առջեւ ծառացած այնպիսի հանապազօրյա խնդիրներ, ինչպիսիք են ներգաղթյալների հոսքը, բրեքսիթը, ինչպես նաեւ «որոշ երկրներում երիտասարդնության շրջանում գործազրկության առավել մտահոգիչ ցուցանիշները»։

Այցը Ռիգա Յոահիմ Գաուկի վերջին արտասահմանյան շրջագայությունն է Գերմանիայի նախագահի պաշտոնում։ Փետրվարի 12–ին Գերմանիայի Դաշնային խորհուրդը նոր նախագահ կընտրի։ Այս պաշտոնի հիմնական հավակնորդ է համարվում նախկին արտգործնախարար Ֆրանկ–Վալտեր Շտայնմայերը։