Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարանը այսօր՝ փետրվարի 9-ին կրկին կալանավորել է «Հաց բերողին»՝ Արթուր Սարգսյանին:

Դատական նիստից հետո նրա փաստաբան Տիգրան Եգորյանը լրագրողներին հայտնել է, թե Արթուր Սարգսյանը պետք է ավելի վաղ՝ փետրվարի 6-ին ներկայանար քննչական մարմնին, բայց ինքը խոսել էր քննիչի հետ, պայմանավորվել էին, որ ավելի ուշ ներկայանա: Ըստ փաստաբանի, փոխհամաձայնությունը հաշվի չառնելով՝ Սարգսյանին կալանավորվել են:

«Անցած անգամ բաց թողնելիս բոլոր պատճառները կրկին առկա էին, բայց հաշվի չեն առնվել»,- նշել է Տիգրան Եգորյանը եւ հավելել, որ վճիռն անպայման բողոքարկելու է:

ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը «Հետքին» հայտնել է, որ Արթուր Սարգսյանին ձերբակալելու որոշում է կայացվել՝ հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածը: Ըստ որի՝ եթե մեղադրյալը խախտում է իր նկատմամբ կիրառված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի պայմանները, ապա քրեական վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի որոշում ընդունել տվյալ անձին ձերբակալելու մասին: Ըստ նախաքննական մարմնի,  «Արթուր Սարգսյանը բազմիցս խախտել է այդ պայմանները»։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ  «Սասնա ծռեր» զինված խմբին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանը` «Հաց բերողը», ձերբակալվել է Արմավիրի մարզի Բյուրավան գյուղում:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ունի: