Վրաստանում հին գինու գործարանը Վրացական գինու պատմության թանգարանի կվերածեն: Հեղափոխությունից առաջ այս գործարանի մառաններից գինի էին տանում Կայսերական սեղանի համար, իսկ հետո՝ Կրեմլ: Այս մասին հաղորդում է «МИР 24» հեռուստաալիքը:
Վերջին 25 տարիներին պատմական շենքը վատ վիճակում է եղել. ձեռքից ձեռք է անցել, իսկ եզակի հավաքածուն գողացվել եւ ոչնչացել է: 1940-ականների վերջին մառաններում շուրջ 135 հազար շիշ է եղել: Հիմա մնացել է դրա մեկ երրորդը:
«Այստեղ կա Նապոլեոն կոնյակ, 16-րդ դարի հունգարական օղի, Ստալինի ղրիմյան հավաքածուն, ֆրանսիական հավաքածու եւ բոլոր տեսակի գինիները, որոնք շշալցվել են այս գործարանում. ընդհանուր առմամբ՝ 45 հազար շիշ»,- նշել է համալիրի ղեկավար Գեորգի Խելաշվիլին:
Հավաքածուն ապագա թանգարանի ցուցանմուշների մաս կկազմի: Թանգարանին կից նաեւ համտեսելու սրահ կլինի, որտեղ կներկայացվեն ամենահայտնի տեսակի գինիներ:



























