Հայաստանի փաստաբանների պալատում այսօր՝ փետրվարի 12-ին, ժամը 17-ին ավարտեցին խորհրդի ընտրությունների քվեաթերթիկների հաշվարկը: Երեկ յոթ ժամ տեւած քվեարկությունից հետո գրեթե մեկ ամբողջ օր հաշվիչ հանձնաժողովը հաշվում էր քվեարթերթիկները ու, նույնիսկ, դեռ չի էլ ավարտել ծանր եւ աշխատատար գործընթացը:

Փաստաբանների պալատը նոր խորհուրդ ունի՝  բաղկացած բացառապես պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կողմնակիցներից: Առավելագույն թվով ձայներ են ստացել Սիմոն Բաբայանը, Մելանյա Առուստամյանը, Կարեն Մեժլումյանը, Արայիկ Ղազարյանը, Տիգրան Խուրշուդյանը, Հարություն Հարությունյանը, Կարեն Սարդարյանը, Տարոն Սիմոնյանը, Նելլի  Հարությունյանը, Կարապետ Աղաջանյանը, Սեդրակ Ասատրյանը եւ Հրանտ Անանյանը:

Փաստաբան, խորհրդի անդամի թեկնածու Տիգրան Աթանեսյանը վստահ է, որ ընտրություններին խախտումներ են եղել: Թեկնածուն ֆեյսբուքի իր էջում գրառում է արել. «Փաստաբանների պալատի վարչական շենքի ներսում ոնց որ թե «կառուսել» եղել է։ Ցավով եմ դա ասում։ Շրջակա տարածքում դա չի հաջողել առողջ ուժերի չարչարանքի շնորհիվ»: Աթանեսյանը հաշվարկի ժամանակ մի քանի կողմնակիցների հետ Փաստաբանների պալատ էր եկել, որտեղ ավելի մեծ շքախմբով նրան դիմավորել էր Արա Զոհրաբյանը: Բանը նույնիսկ վեճին չհասավ, սակայն Զոհրաբյանի կողմնակիցները հընթացս արձանագրություն էին կազմել, թե Աթանեսյանի ընկերներից մեկը խոչընդոտել է հանձնաժողովի աշխատանքը, անհարգալից վերաբերմունք դրսեւորել իրենց նկատմամբ:

Նշենք, որ ընտրողների ցուցակում 1780 փաստաբանի անուն կար, ընտրություններին մասնակցել է 1163-ը: Խորհրդի անդամի թեկնածուներ էին առաջադրվել 39 փաստաբաններ, որոնցից միայն 12-ն են ընդգրկվելու խորհրդի կազմում:

Ընտրություններից առաջ Զոհրաբյանի կողմնակիցները հայտարարություն էին տարածել, թե իրենք թիմով են մասնակցելու ընտրություններին, ամբողջ թիմով էլ ընտրվեցին խորհրդի կազմում: Հայտարարություն էին տարածել նաեւ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի կողմնակիցները, որոնք նշել էին, թե անհրաժեշտ է օր առաջ ստեղծել փաստաբանների պալատի ղեկավար մարմինների միջեւ զսպումների ու հակակշիռների մեխանիզմ, ձեռնարկել միջոցներ ապահովելու համար փաստաբանների պալատի աշխատանքի թափանցիկությունը, նվազեցնել անդամավճարի չափը:

Քվեարկված երկրորդ հարցը՝ «Փաստաբանի օր» հայտարարելու մասին, ձախողվեց, առաջարկված վեց տարբերակներից ոչ մեկն էլ չստացավ ձայների պարզ մեծամասնությունը, եւ փաստաբանները առայժմ մնացին առանց մասնագիտական օր նշելու հնարավորության: Փաստաբանները երեկ նաեւ ընտրել են կարգապահական գործերը նախապատրաստողների, սակայն հաշվիչ հանձնաժողովը դեռ չի հասցրել հաշվարկել քվեաթերթիկները: 20 տեղի համար 18 թեկնածու կար, եւ ըստ ամենայնի, բոլորն էլ կանցնեն: