Հնարավոր է՝ Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա 2-րդին փորձել են թունավորել: Այս մասին հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը:

Փետրվարի 10-ին Թբիլիսիի օդանավակայանում հատուկ գործողության արդյունքում ձերբակալվել է Պատրիարքարանի գույքի կառավարման ծառայության ղեկավար հայր Գեորգի Մամալաձեն, որը նաեւ Պատրիարքարանին կից բժշկական կլինիկայի տնօրենն է: 

Նա պատրաստվում էր Գերմանիա մեկնել, որտեղ Իլյա 2-րդը ներկայումս բուժում է ստանում եւ վաղը նախատեսված վիրահատության է պատրաստվում:

Հեռուստաընկերության տեղեկություններով՝ Թբիլիսիի քաղաքային դատարանը փետրվարի 12-ին հայ Գեորգի Մամալաձեի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն էր ընտրել: Քանի որ դատական նիստը փակ է եղել, տեղեկություններ չկան, թե նա ինչ ժամկետով է կալանավորվել: Մամալաձեի փաստաբանը լրագրողների հետ կապ չի հաստատում: Կլինիկայում ասել են, որ Մամալաձեին հինգշաբթի օրվանից չեն տեսել, բուժանձնակազմը չի կարողացել հաստատել նաեւ կալանքի մասին տվյալները:

ՆԳՆ-ից եւ ֆիննախի Քննչական ծառայությունից հայտնել են, որ իրենց աշխատակիցները չեն մասնակցել հայր Գեորգիի ձերբակալությանը: Դատախազությունում հրաժարվել են այս թեմայով մեկնաբանություններ տալ:

Հոգեւորականների հետ զրույցի ընթացքում հ/ը-ի թղթակիցը պարզել է, որ Մամալաձեն երկար տարիներ ծառայել է Բաթումում, նա մտերիմ է պատրիարքի զարմիկի՝ Բաթումի թեմի առաջնորդ Դիմիտրիի հետ: Նրանց խոսքով՝ ձերբակալությունն, իհարկե, իրարանցում է առաջացրել:

Դրա հետ մեկտեղ Բեռլին է ժամանել Պետպահպանության ծառայության ղեկավար Անզոր Չուբինիձեն: Նա Բեռլինի կլինիկա է ժամանել հայ Գեորգիի ձերբակալությունից մի քանի ժամ անց եւ խնդրել է պատրիարքի պահպանության ծառայության պետին Վրաստան վերադառնալ, քանի պետք է պատասխանի Վրաստանի գլխավոր դատախազության որոշ հարցերի:

Փետրվարի 11-ի առավոտյան Օհանավշիլին արդեն Թբիլիսիում էր. դատախազությունում նրան 4 ժամ հարցաքննել են «գաղտնի» նշումով  գործով, հարցերն առնչվել են պատրիարքի անվտանգությանը: Այսօր լուսաբացին Օհանաշվիլին կրկին Գերմանիա է մեկնել: