Ադրբեջանում կանխատեսում են ցեխի հրաբխի հերթական ժայթքումների շարան։

Ադրբեջանի բնական ռեսուրսների ու բնապահպանության նախարարության աշխատակից Ջեյխուն Փաշաևը հայտնել է, որ առայսօր երեք ժայթքում է գրանցվել՝ 1845-ին, 1951-ին ու 1961-ին, իսկ չորրորդը գրանցվել է այս տարվա փետրվարի 6-ին։ Նա պատմել է, որ տարիների ընթացքում հրաբխի խորքում մեթան է կուտակվում։ Լոկալ երկրաշարժերը առաջացնում են ապարների շարժ ու շփում, ինչից կայծ է առաջանում ու մեթանը պայթում է։ Գազը այրվում է, դուրս ժայթքում։ Գոյացած ճնշումը ցեխը դուրս է նետում։ Իսկ խառնարանի կրակը այրվում է մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե, հետո արագ մարում է։ Աստիճանաբար սառչում է նաև ցեխը։

Փաշաևի խոսքով Օթման Բոզդաղ հրաբխի մոտ ևս չորս հրաբուխ կա։ Հավանական է, որ վերջին ժայթքումը դրանց վրա էլ կազդի, ինչը նոր պայթյունների պատճառ կդառնա։ Միաժամանակ նա հավելել է, որ այդ հրաբուխները անվտանգ են, քանի որ բնակավայրերից շատ հեռու են։