Եթե մինչեւ փետրվարի 23-ը Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը հետ չվերցնի հրաժարականի դիմումը, ապա Ազգային ժողովը կքննարկվի ՎՊ նոր նախագահ ընտրելու հարցը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով:

«Օրենքի համաձայն՝ մինչեւ փետրվարի 23-ը Իշխան Զաքարյանը կարող է հետ վերցնել հրաժարականի դիմումը, եթե չվերցնի, հավանական եմ համարում, որ հաջորդ քառօրյայում քննարկենք ՎՊ նոր նախագահի ընտրության հարցը»,- ասել է Շարմազանովը:

Հիշեցնենք, որ Իշխան Զաքարյանը այդ  պաշտոնից հրաժարական տվեց՝ հիմնավորելով, որ գնում է կանգնելու իր ընկեր Գագիկ Ծառուկյանի կողքին: Նա այժմ ղեկավարում է ԲՀԿ  նախընտրական շտաբը եւ, նախնական տեղեկություններով, ԲՀԿ  համապետական ցուցակի 2-րդ հորիզոնականում է: