ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը ընդունել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին։ Զրուցակիցները հաստատել են, որ երկրները առաջվա պես կապված են հատուկ հարաբերություններով ու շեշտել են իրենց ամուր կապը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Փոխնախագահը նաեւ շեշտել է ԱՄՆ անսասան նվիրվածությունը Իսրայելի անվտանգության շահերին ու խոստացել է համագործակցել Նեթանյահուի հետ Մերձավոր արեւելքում իրենց ընդհանուր՝ այդ թվում Իրանից բխող սպառնալիքների հետ կապված խնդիրների լուծման հարցում։

Փենսն ու Նեթանյահուն քննարկել են կիբերանվտանգության, հետախուզության ու էներգետիկայի ոլորտներում ավելի սերտ համագործակցություն զարգացնելու ուղիները։ Նաեւ պայմանավորվել են միասին դիմակայել ՄԱԿ-ում ու միջազգային այլ հարթակներում Իսրայելի դեմ միակողմանի գործողություններին։

Զրուցակիցները նաեւ նշել են, որ Իսրայելի ու պաղեստինցիների միջեւ խաղաղությունը հնարավոր է միայն ուղիղ երկկողմանի բանակցությունների ճանապարհով։ Ընդ որում ԱՄՆ-ն ավելի սերտ է համագործակցելու երկու կողմերի հետ, որպեսզի այդ ուղղությամբ առաջընթաց ապահովի։