ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է նախընտրական քարոզարշավի ժամանակ Ռուսաստանի հետ իր խորհրդականների շփումների մասին հաղորդագրությունները ՝ դրանք անվանելով ֆեյքային նորություններ։
«Դուք կարող եք Ռուսաստանի մասին ասել, ինչ կամենաք, այդ ամենը ֆեյքային նորություններ են, կեղծիք»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը մամուլի ասուլիսի ժամանակ։ «Ես Ռուսաստանում ոչինչ չունեմ, ես այնտեղ վարկեր ու գործարքներ չունեմ»,- ասել է Թրամփը։
Նա նաեւ հաստատել է, որ ինքն է խնդրել Մայքլ Ֆլիննին հրաժարական տալ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից, բայց պնդել է, որ նա ոչ մի սխալ բան չէր արել՝ Ռուսաստանի դեսպանի հետ պատժամիջոցները քննարկելով։ «Ես չեմ կարծում, թե նա ինչ-որ սխալ բան է արել»,- ասել է Թրամփը։ Նրա խոսքով իրականությունն այն է, որ հետախուզական համայնքն է տեղեկություններ տրամադրել Ֆլիննի զրույցի մանրամասների մասին։



























