2008 թվականի մարտի 1-ի իրադարձություների ժամանակ Հայաստանի Զինված ուժերը պաշտպանել է Երեւանի կարեւոր օբյեկտները, մնացածը իշխանությունների գործն է: Այս մասին փետրվարի 17-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը ողբերգական իրադարձությունների ժամանակ ղեկավարում էր ԶՈւ-ի Գլխավոր շտաբը:

Նրա խոսքով՝ 2008-ի մարտի 1-ի իրադարձությունները, իհարկե, շատ ողբերգական էին: «Այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքն իրականացնում են գործող իշխանությունները: Գործում է այդ իրադարձությունների հետ կապված տեղեկություններ հավաքող խումբ: Եթե ուշադիր լինենք, ապա կտեսնենք, որ այնտեղ բանակի ներկայությունը բացակայում է: ԶՈւ-ն պաշտպանել է մեր մայրաքաղաքի կարեւոր օբյեկտները, մնացածը իշխանությունների գործն է: Եթե մենք պատասխանատու ճանաչվենք, ապա այդ պատասխանատվությունն ամբողջությամբ կկրենք»,- նշեց Օհանյանը՝ այդպես էլ չհստակեցնելով, թե ինչու պետք է բանակային ստորաբաժանումները պաշտպանեին իշխանության պետական մարմինների շենքերը, որոնք պետք է գործի դրվեն միայն արտաքին ագրեսիան հետ մղելու համար:

Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին իշխանություն-ընդդիմություն դիմակայության ժամանակ զոհվել են 8 ցուցարարներ եւ Ներքին զորքերի 2 ծառայող: Ընդդիմության կողմնակիցները իշխանության պետական մարմինների շենքերի գրավման որեւէ փորձ չեն նախաձեռնել: